22:16 | 16.09.21 | Նորություններ | exclusive 11690

CodeSignal-ի արժեքը հասավ $ 0.5 մլրդ-ի․ ստեղծման պատմությունն ու մոտիվացիայի աղբյուրը

Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ CodeSignal-ի կողմից 50 մլն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու ու այդպիսով ընկերության արժեքը 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու մասին:

CodeSignal-ը տեխնիկական ոլորտում աշխատանքի ընդունման առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:

CodeSignal-ի հիմնադիրները հայ երիտասարդներ են՝ Տիգրան Սլոյանն ու Արամ Շատախցյանը:  Itel.am-ը զրուցել է CodeSignal-ի գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հետ:

Տիգրան Սլոյանը հիմնադրել է նաեւ #GoBeyondResumes շարժումը: Լինելով Forbes-ի Տեխնոլոգիական խորհրդի ակտիվ անդամ՝ նա, որպես տեխնիկական արդյունաբերության մտքի առաջատար, մեկնաբանում է ծրագրային զարգացման եւ նորարարության միտումները։  

Մինչեւ CodeSignal-ը, Տիգրան Սլոյանն աշխատել է Google-ում՝ տեխնոլոգիական կառավարման ոլորտում, որտեղ ղեկավարել է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Google Hangouts-ը` կրթական ոլորտում, Google Login for Travel and Publishing ինդուստրիան։

Նա ստացել է Համակարգչային տեխնոլոգիաների եւ Մաթեմատիկայի բակալավրի, ինչպես նաեւ կրտսեր տնտեսագետի կոչում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT)։

Իմ ճանաչած լավագույն ծրագրավորողը կարողանում էր միայն ֆրիլանս աշխատանք գտնել

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։ Ստեղծման պատմությունը Հայաստանում եւ հատկապես Երեւանում շատ խորը արմատներ ունի:

Տիգրան Սլոյանը Տիգրան Սլոյանը
photo © CodeSignal


Երկու համահիմնադիրներս՝ ես եւ Արամ Շատախցյանը, մեծացել ենք 90-ականների դժվար ժամանակաշրջանում, երբ ընդամենը մեկ ժամով էինք էլեկտրականություն ունենում եւ գրեթե ամեն օր ստիպված էինք հերթ կանգնել` վերցնելու մեզ հատկացված հացի բաժինը:

Այդ ժամանակից ի վեր մեր հայրերը, ինչպես շատերը, գնահատում էին կրթությունը: Հայրս դեռ վաղ տարիքից ինձ տանում էր մաթեմատիկայի դասընթացների եւ օլիմպիադաների: Արամը եւս, հայրիկի հորդորով հաճախում էր ծրագրավորման դասընթացների ու օլիմպիադաների:

Արդյունքում ես 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ էի նվաճել  Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում (IMO)՝ դառնալով ամենատիտղոսակիր մասնակիցը Հայաստանի պատմության մեջ, իսկ Արամը նվաճել էր Հայաստանի պատմության մեջ առաջին արծաթե մեդալը Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում (IOI):
Իմ եւ Արամի ճանապարհները բաժանվեցին 2006 թվականին:

Այդ տարի Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ժամանակ բուլղարացի մասնակիցներից մեկն ինձ ասաց, որ սովորում է Միացյալ Նահանգների լավագույն ուսումնական հաստատություններից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), եւ ինձ առաջարկեց դիմել այդտեղ։ Պետք էր շատ արագ անգլերեն սովորել եւ հանձնել որոշ քննություններ։

2007 թ.-ի սկզբում արդեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում էի:

Ինստիտուտն ինձ տրամադրում էր տարեկան 55 հազ. ԱՄՆ դոլար կրթաթոշակ՝ Բոստոն մեկնելու եւ բակալավրիատում սովորելու համար։ Արամը նման ծրագրերի չդիմեց եւ ընդունվեց Երեւանի պետական համալսարան։

Համալսարանն ավարտից հետո շատ հայտնի կազմակերպություններ՝ Facebook, Google, Oracle, փորձում էին գրավել իմ եւ համակուրսեցիներիս ուշադրությունը: Նրանք ամեն կերպ ցանկանում էին համալսարանը նոր ավարտած ուսանողներին ներգրավել իրենց աշխատանքներում։ Այսպես սկսեցի աշխատել Google-ում:

Արամ Շատախցյանը Արամ Շատախցյանը
photo © CodeSignal


Այդ ընթացքում կապվեցի Արամի հետ։ Պարզվեց՝ նա Հայաստանում է եւ կարողացել է միայն ֆրիլանս աշխատանք գտնել Upwork-ում, քանի որ ընտրության առավել լավ տարբերակ չկար։

Սա ինձ համար շոկային էր, քանի որ նույնիսկ Google-ից եւ MTI-ից հետո Արամն իմ իմացած լավագույն ծրագրավորողն էր: Այն, որ նա չէր ստացել մեզ հատկացված ուշադրության գոնե կեսը, շատ ցավալի էր։ Սրա գիտակցումն, ի վերջո, 2015 թվականին հանգեցրեց CodeSignal-ի ստեղծմանը, որի գլխավոր առաքելությունն էր օգնել աշխարհին «շրջանցել ինքնակենսագրականները» (Go beyond resumes), փոխարենը ստեղծելով առավել արդար եւ հավասար պայմաններ նրանց համար, ովքեր ունեն հմտություններ:

Ստեղծման օրվանից կազմակերպությունը լավագույնս կարողացել է դրսեւորել իրեն, իսկ Արամ Շատախցյանը, մեր տեխնիկական տնօրենը (CTO) լինելով, վերջերս ճանաչվել է Forbes-ի մինչեւ 30 տարեկան ամենահաջողված գործարարներից մեկը։

Զարգացման տեմպը չպետք է դանդաղի

CodeSignal-ը Series-B 25 մլն ֆինանսավորումը ստացել էր ընդամենը 10 ամիս առաջ, եւ 50 մլն ներդրումն ու կազմակերպության ընդհանուր գնահատման շեմի քառապատկումը վկայում է մեր հրաշալի թիմի եւ շուկայական հնարավորությունների մասին։

Վերջին 10-12 ամիսների ընթացքում փոխվել է այն, որ մենք ոչ միայն կարողացել ենք պահել զարգացման սկզբնական տեմպն, այլեւ արագացրել ենք այն։
Սովորաբար, երբ կազմակերպություններն աճում են, եւ եկամուտները մեծանում են, զարգացման տեմպը նվազում է։  

Մեզ համար կարեւոր է, որ զարգացման տեմպը դանդաղելու փոխարեն ավելի արագանա:

Առաջին հինգ աշխատակիցները կա՛մ կառուցում, կա՛մ քանդում են ընկերությունը

Նոր ձեւավորվող, սկսնակ ու արդեն հաջողակ, հեղինակություն վայելող ընկերությունների ղեկավարման մեջ, կարծում եմ, եւ՛ շատ տարբերություններ, եւ՛ նմանություններ կան:

Հիմնական տարբերությունն այն է, թե ինչ առաջադրանքներ ես ինքդ ամեն օր անում:

Սկզբնական շրջանում կազմակերպությունում իմ հիմնական աշխատանքը կոդեր գրելն ու պրոդուկտի վրա աշխատելն էր։ Արամը աշխատում էր back-end-ի, իսկ ես՝ front-end-ի վրա: Որոշակի հաջողություններից հետո պետք է առաջին անգամ թիմ ստեղծեի։ Ի սկզբանե գիտակցում էի՝ առաջին 5 աշխատակիցներն, ում ես կընդունեի, վճռորոշ կլինեն մեզ համար. նրանք կա՛մ կկառուցեն, կա՛մ կքանդեն եղածը։

CodeSignal-ի թիմը CodeSignal-ի թիմը
photo © CodeSignal


Այժմ, երբ արդեն բավական մեծ մասշտաբի ենք հասել, փորձում եմ զերծ մնալ ամենօրյա աշխատանքից՝ փոխարենը լինել լավ կազմակերպիչ եւ ղեկավար թիմի համար։ Իմ առաջնահերթությունն է՝ գտնել ֆենոմենալ մարդկանց թիմի համար եւ հետո միասին հասկանալ՝ դեպի ուր ենք ուղղորդում կազմակերպությունը։

Մոտիվացիայի ու ՏՏ հասարակություն դառնալու մասին

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման եւ մոտիվացիայի բարձրացման հետ կապված կուզեի ընդգծել բաներ, որոնք շատերի համար, գուցե, ակնհայտ են։

Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հաջողություններն ու ձեռքբերումները կարեւոր են ոչ միայն տնտեսության զարգացման տեսանկյունից, այլեւ օգնում են ստեղծել միջավայր, որտեղ կարեւորվում է ՏՏ-ն, մաթեմատիկան եւ ծրագրավորումը։

Ես հավատում եմ, որ ՏՏ հասարակություն դառնալը միակ կենսական ուղին է երկրի համար, բայց միայն խոսելով՝ ոչինչ չի ստացվի։ ԱՄՆ-ում ասում են՝ «դու չես կարող դառնալ այն, ինչը չես տեսնում», պետք է տեսնել՝ ինչ ենք ուզում դառնալ, որ հավատանք դրան:  

Օրինակ այն, որ ես եւ Արամը մեծացել ենք դժվար ժամանաշրջանում, բայց գնալով մաթեմատիկայի ու ծրագրավորման ուղղությամբ, հաջողության ենք հասել մասնագիտական եւ ֆինանսական ոլորտում: Մենք կարողացել ենք երկրում ստեղծել այնպիսի հզոր գործատու, որն ակտիվորեն ընդունում է տարբեր ոլորտների մասնագետների Երեւանում եւ ապագա սերունդների համար դառնալու է  մոտիվացիա ու շարժիչ ուժ։

Ես հավատում եմ, որ ՏՏ ոլորտի հաջողությունները կձեւավորեն հայ հասարակության աշխարհայացքը, եւ մենք պետք է հպարտորեն կրենք դրա պատասխանատվությունը։

Յանա Շախրամանյան