16:32 | 20.08.21 | Նորություններ | 2220
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թվականին գործարկել է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։
Նախագծի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետեւանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռնել հնարավորություն ներգրավել հավելյալ անձնակազմ, իսկ սկսնակ մասնագետներին, ովքեր ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ եւ հմտություններ, հնարավորություն տալ գործնական պրակտիկա անցնել տեխնոլոգիական ընկերություններում:
Նախագծին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը եւ կհամապատասխանեն ընտրության չափանիշներին:
Նախագծի թիրախային խմբերն են բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակները, ինչպես նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպած 2020 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանավարտները։
2021 թվականի հունիսի 11-ին անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովը, որը կազմված է եղել ոլորտի փորձագետներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ամփոփել է դրամաշնորհային մրցույթի գնահատումը։ Արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բարձր տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություն, որոնք համապատասխանել են մրցույթի պահանջներին, դրանք են՝ Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems, DataArt, The Gurus, Codics, FimeTech։
«Ելնելով նախագծի պահանջներից՝ գործնական պրակտիկան իրականացնող ընկերությունը պետք է կազմակերպի փորձնակների հավաքագրումը եւ ապահովի արդյունավետ գործնական պրակտիկայի գործընթացը։ Այս պահին Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems ընկերություններում փորձնակների գրանցումը դեռ շարունակվում է։ Իսկ 4 ընկերություններում ՝ DataArt, The Gurus, Codics, FimeTech, հայտագրումն ավարտված է․ շուրջ 40 երիտասարդ արդեն իսկ սկսել է գործնական պրակտիկան»,- հայտնել են ԲՏԱ նախարարությունից։
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ շուրջ 100 փորձնակ, որոնք 6 ամիս տեւողությամբ գործնական պրակտիկա կանցնեն 9 առաջատար տեխնոլոգիական ընկերություններում։
Գործնական պրակտիկայի ավարտին ընկերությունները պարտավորվում են ապահովել ծրագրին մասնակցած փորձնակներից առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով՝ առնվազն 150,000 ՀՀ դրամ աշխատավարձով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):
Նախագծի հիմքում բաց եւ երկկողմանի վստահությամբ պետություն–մասնավոր հատված համագործակցությունն է, որտեղ պետությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն, իսկ մասնավոր հատվածն ապահովում է գիտելիք, միջավայր, գործիքներ եւ աշխատանքի հնարավորություն: Փորձնակները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ներգրավվել ու աշխատել ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ եւ ոլորտային հմտություններ:
Ծրագրի մանրամասները եւ դիմելու ընթացակարգը ներկայացված են հետեւյալ հղմամբ։