00:07 | 27.04.21 | Հոդվածներ | exclusive 2023

Քրիստինա Սարգսյան. Կայացած մասնագետների գոնե նվազագույն քանակ է պետք

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը հիմնադրվել է 2018 թվականին՝ երկրում տեխնոլոգիական ոլորտի որակյալ մասնագետների պահանջը լրացնելու նպատակով: ԻԿՄ ֆակուլտետը դեռեւս միայն բակալավրիատի ծրագիր ունի, համալսարանը շուտով պատրաստվում է նաեւ մագիստրոսական ծրագիր կազմել՝ ոլորտի ավելի արագ զարգացման համար:

ԻԿՄ ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը Itel.am-ի հետ զրույցում կիսվել է տեխնոլոգիական ոլորտի մտահոգությունների եւ հավանական լուծումների մասին:

Որակյալ մասնագետի պահանջ

Տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը շատ մեծ է, ուստի պահանջարկը ամենուր նույնպես շատ-շատ բարձր է: Այս պահանջարկի ծավալները պատկերացնելու համար ասեմ, որ մեր թողարկած ամեն մի բակալավրիատի
ծրագրի համար անհրաժեշտ է առնվազն 100 հոգի, որ կավարտի մեր ծրագիրը, պատրաստ կլինի աշխատելուն՝  տիրապետելով պարզապես կոդավորման տարբեր
լեզուների:

Ծրագրային ապահովման տարբեր տեսակի արտադրությունների ձեւավորման համար ցանկացած մակարդակի մասնագետ անհրաժեշտ է՝ թե բակալավրիատի ու մագիստրատուրայի շրջանավարտ, թե արհեստավարժ մասնագետ, որ ավարտել է տարբեր կոդավորման դպրոցների դասընթացներ, թե գիտնականներ:

Գիտության մեջ ներգրավված մարդկանց քանակի եւ սերնդափոխության պակասը եւս շատ լուրջ խնդիր է մեր որոտի համար: Մինչեւ հասնում ենք գիտնականի՝ կադրերի քանակը նվազում է, ու մենք ունենում ենք շատ լուրջ խնդիր նաեւ երիտասարդ կադրերին ներգրավելու գործում:

Գիտության մեջ 35-55 տարեկանների թիվը կտրուկ նվազում է: Պատճառը պարզ է. անգամ վարչական աշխատանք տանելով՝ ավելի շատ ես կարողանում վաստակել, քան գիտական աշխատանքով:

Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Այսօր գիտատար ստարտափ ղեկավարելն ավելի ողջունելի աշխատանք է համարվում գիտնականի կոչում ունեցող միջին տարիքի մասնագետի համար, քան բուն գիտությամբ զբաղվելը: Չէ՞ որ գիտատար ստարտափն, անկախ դրա հաջողությունից, ընթացիկ ապահովելու է ֆինանսական կայունություն ոչ միայն իրեն, այլեւ իր շրջապատին, շրջանավարտներին, ուսանողներին: Այս օրինակը գնալով ավելի խորանում է:

Համաշխարհային խնդիր

Շրջանավարտների շատ քիչ տոկոսն է ապագայում վերադառնում գիտություն, կարելի է ասել՝ գրեթե չեն վերադառնում: Անձամբ ես տեխնոլոգիական ոլորտում ունեմ 500-ից ավելի շրջանավարտ, որոնցից ընդամենը երկու-երեքն է շարունակել գիտական ոլորտում հետազոտություններ անցկացնել: Իսկ գիտական կոչում նրանցից ընդամենը մեկն է ստացել, մինչդեռ հենց այդ մեկն էլ այսօր աշխատում է ոչ թե գիտության, այլ արդյունաբերական ոլորտում:

Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Ցավալին այն է, որ սա համաշխարհային խնդիր է, որն ավելի խորն արտահայտված է Հայաստանում: Նույն պատկերը կա նաեւ Ռուսաստանում կամ Ֆրանսիայում. մեր գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանում կադրերի ծերացման խնդիր կա դասավանդող անձնակազմի մեջ, ու մեր ֆրանսիացի գործընկերներն էլ դասավանդման գործընթացների մեջ շատ մեծ դժվարությամբ են ներգրավում երիտասարդ գիտնականների:

Լուծում, առաջարկներ

Խնդրի լուծման համար կարեւոր է հասկանալ, որ պետական ներդրումները կամ ոչ պետական կազմակերպությունների օժանդակությունները կարեւոր են, սակայն երկրին պետք է կայացած մասնագետների գոնե նվազագույն քանակ, որի վրա բարձր վարկանիշով միջազգային կազմակերպությունը վստահություն կունենա ներդրում կատարել:

Մյուս կողմից մենք ունենք ավելի մեծ խնդիր, քան բուհից արդյունաբերություն գնալն է՝ դա մասնագետների երկրից հեռանալն է, ինչն անվերադարձ կորուստ է: Թե կազմակերպությունների, թե բուհերի մակարդակով մենք ամեն ինչ պետք է անենք, որ նվազեցնենք ուղեղների արտահոսքը:

Ամալի Խաչատրյան