Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը դարձել է Hoory ստարտափի գործադիր տնօրեն:
Itel.am-ը Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել է նոր պաշտոնի, ինչպես նաեւ ստարտափի զարգացման տեսլականի շուրջ:
- Նախկինում հիմնականում միայնակ եք աշխատել: Այսօր որքանո՞վ է անսովոր՝ աշխատել որպես ընկերության գործադիր տնօրեն ու արդյո՞ք հեշտ եք առաջարկն ընդունել:
- Ծրագրերի ղեկավարման փորձ ունեմ, ղեկավարել եմ մոտ 10 հոգանոց թիմեր: Մեծ հաշվով, շատ սթրեսային չէ: Հիմա, պատասխանատվությունն, իհարկե, շատ ավելի մեծ է, որովհետեւ ե՛ւ թիմն է ավելի մեծ, ե՛ւ խնդիրներն են ավելի շատ: Այն ծրագրերը, որոնք մինչ այդ իրականացրել եմ, ուղղված էին Հայաստանին, իսկ հիմա միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ ենք աշխատում:
- Պատմեք Hoory AI օգնականի մասին: Ի՞նչ հիմնական գործառույթներ է այն իրականացնում:
- Hoory-ն չատբոտ օգնական է, որը թույլ կտա ավտոմատացնել ու հեշտացնել բիզնեսի շփումը պատվիրատուի հետ: Կարճ ասած, Hoory-ն ինտերնետով սպասարկման բաժնի ներկայացուցիչ է, որն իրական մարդ չէ, այլ ռոբոտ, որին կարողանում ես կրթել: Դրանից հետո, հիմնվելով իր գործիքների վրա, որից մեկն արհեստական բանականությամբ է օժտված, չատբոտն իրական օպերատորի փոխարեն շփվում է հաճախորդի հետ:
Սա հիմքն է: Hoory-ն, որը հենց Անբան Հուռիի անունով է ստեղծված, ունի հիմնական գործիքակազմ, որը թույլ կտա շատ տարբեր այլ գործիքներ ստեղծել: Այդ հավելյալ գործիքների մասին ապագայում կխոսենք, քանի որ դրանք դեռ պլանավորման փուլում են: Շատ անսպասելի բաներ են լինելու, որոնք նույնիսկ միջազգային շուկայում չկան:
- Որն է ձեր՝ Hoory-ի զարգացման տեսլականը եւ որո՞նք են առաջիկա քայլերը:- Hoory-ն, իհարկե, դեռ երիտասարդ ստարտափ է: Այն չատբոտը, որը հիմա կա, զարգացման առաջին փուլն է: Շուտով այն մուտք կգործի երկրորդ փուլ, այսինքն, երկրորդ տարբերակ կհայտնվի, որը շատ ավելի լուրջ գործիք է լինելու եւ պարունակելու է բազմաթիվ նորարար լուծումներ: Քանի որ չատբոտն օժտված է արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման տարրերով, բազային գործիքներից բացի, ունի նաեւ ինքնակրթվելու հնարավորություն: Այսինքն, պատվիրատուն հնարավորություն ունի ստեղծել գիտելիքի շտեմարաններ, որոնց հիման վրա չատբոտը սովորելու է եւ հետագայում կկարողանա ավելի լավ շփվել մարդկանց հետ:
Խնդիր է դրված ստեղծել այնպիսի չատբոտ, որն ինչ-որ հարցերում կփոխարինի մարդուն հաճախորդների հետ շփման գործում եւ ժամանակի ընթացքում կկատարելագործվի: Բացի դրանից, շատ կարեւոր է այն, որ Hoory-ն աշխատում է բազմալեզու լսարանի հետ: Չատբոտը հասկանում է, թե ինչ լեզվով են իր հետ խոսում եւ անմիջապես անցնում է այդ լեզվին:
Hoory-ին թույլ կտա ե՛ւ խոշոր, ե՛ւ միջին բիզնեսներին ժամանակ ու մարդկային ներուժ խնայել, հաճախորդների հետ աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնել:
- Ի՞նչ խոչընդոտների կարող է թիմը հանդիպել առաջիկայում եւ ինչպե՞ս եք պատրաստվում դրանք լուծել:- Ցավոք, կան սահմանափակումներ: Հայերենը չի աշխատում այդպիսի թարգմանական տիրույթներում, ինչը ոչ թե Hoory-ի, այլ գլոբալ խնդիր է: Սրա լուծումն ապագայում ՏՏ ոլորտը միասնական ձեւով պիտի գտնի:
Հայերենի հետ խնդիր ունենք բոլոր միջազգային հարթակներում: Այդ պատճառով, օրինակ, չենք կարող Youtube-ում նորմալ գովազդ դնել եւ գովազդով գումար աշխատել, ինչպես անում են վիդեո բլոգերներն ամբողջ աշխարհում: Այսօր տասնյակ ուղղություններ կան, որտեղ հայերեն լեզուն կարող էր աշխատել, եթե հիմքերը դրած լինեինք, եթե հայոց լեզվի կորպուսն ուսումնասիրված լիներ ու հնարավոր լիներ այն կցել մեքենայական ուսուցմանը: Մենք Hoory-ում բախվում ենք մի խնդրի, որն այս պահին մեր ռեսուրսներով լուծել չենք կարող, ինչի պատճառով հենց բուն հայաստանյան շուկայում սահմանափակ մոտեցումներ կարող ենք դրսեւորել:
- Քանի՞ մասնագետ է աշխատում Hoory-ում եւ կա՞ն արդյոք թիմն ընդլայնելու պլաններ:- Չնայած որ Hoory-ը նոր բիզնես է, թիմն արդեն բավական մեծ է: Մի քանի տասնյակ մարդ է աշխատում: Ստարտափը ներկայանում է որպես մեծ ընկերության՝ SoftConstruct-ի մի ինքնուրույն մաս, եւ դեռ աճում է: Հետագա աճը կախված է լինելու ընդհանուր ընդլայնման հետ, որն արդեն մոտ ապագայի խնդիր է:
Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը