11:55 | 26.03.21 | Նորություններ | 2044

ԱՏՁՄ-ն ամփոփում է «Բանակից ՏՏ» ծրագրի ընթացիկ արդյունքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2020թ. դեկտեմբերին հայտարարեց «Բանակից ՏՏ» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Պայմանավորված 2020 թ.  սեպտեմբեր 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած պատերազմով՝ ԱՏՁՄ անդամ եւ գործընկեր ընկերությունները նախաձեռնեցին հատուկ դասընթացներ մարտական գործողությունների մասնակից, մարտական գործողություններում հաշմանդամություն ստացած անձանց, ինչպես նաեւ պատերազմում զոհված կամ վիրավոր անձանց ընտանիքի անդամների համար, հետագայում իրենց թիմն այդ մասնագետներով համալրելու նպատակով։ Դասընթացներն սկսվեցին 2021թ. հունվարի 20-ին։

Ծրագրի ընթացքում ԱՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում աշխատող մասնագետները դասընթացների միջոցով իրենց գիտելիքն են փոխանցում ծրագրի շահառուներին: Դասընթացներն անցկացվում են հեռավար կամ առկա կարգով՝ հաշվի առնելով բնակության վայրը, ֆիզիկական կարողությունները եւ այլ նպատակահարմարություններ:


Մասնակիցներն առցանց ձեւաչափով անցնում են կիբերանվտանգություն, վեբ տեխնոլոգիաներ, առկա ձեւաչափով՝ թվային մարքեթինգ ու սոցիալական մեդիա մարքեթինգ եւ ռոբոտաշինություն։ Ապրիլի կեսերին կբացվեն ծրագրավորման ու վեբ տեխնոլոգիաների դասընթաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում եւ Java Basics ու Gate to Product Management դասընթացներ՝ ԱՏՁՄ գործընկեր ընկերության կողմից։

Ընդգրկված մասնակիցներից շատերն ԱՏՁՄ գործընկերությամբ դասընթացներին զուգահեռ սովորում են անգլերեն։ «Բանակից ՏՏ»-ում ընդգրկված մասնակիցներից մի քանիսի հետ մենթորային ծրագիր է իրականացվում։ Մենթորային ծրագիր շուտով կանցկացվի նաեւ վեբ տեխնոլոգիաների դասընթացի մասնակիցների հետ՝ ԱՏՁՄ անդամ ընկերությունների աշխատակիցների կողմից։

Հիշեցնենք, որ դեռ 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՏՁՄ-ն նախաձեռնեց եւ իրականացրեց «Բանակից ՏՏ» ծրագրի առաջին փուլը, որի նպատակն էր ծրագրավորման հիմնարար գիտելիքներ փոխանցել պատերազմի մասնակից այն անձանց, ովքեր ցանկություն ունեին մասնագիտանալու ԱՏ ոլորտում: Ծրագրի առաջին փուլի արդյունքում 2016 թ.-ի հուլիսից մինչեւ 2017 թ.-ի դեկտեմբեր արագացված վարժանքներ են անցել 168 երիտասարդ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պրակտիկա են անցել, ապա աշխատել ԱՏ առաջատար ընկերություններում, նրանց մի մասն էլ ներկայումս աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում՝ որպես խմբավար:  Ծրագրի արդյունքում խմբի անդամների ներգրավվածությումբ ստեղծվեց InnoPark հավելվածով InnoSoft ստարտափը: