17:20 | 18.02.21 | Նորություններ | 3117
Փետրվարի 19-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա Շիրակի մարզում «Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ եւ զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջեւ հարթակի ստեղծում» ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի կառուցվածքն ու նպատակները, արդեն գրանցված արդյունքները եւ առաջիկա քայլերը:
Ծրագիրն ուղղված է Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը՝ թվային հմտությունների եւ նորարարական լուծումների ներդրման միջոցով։
«Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ եւ զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջեւ հարթակի ստեղծում» ծրագիրն իրականացվում է «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից՝ «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում աջակցել Շիրակի մարզում գործող զբոսաշրջության ոլորտի ընկերություններին՝ ստեղծելով գործունեության այլընտրանքային հնարավորություններ։
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը հիմնադրվել է 2005թ.-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ Հայ Օգնության Ֆոնդի կողմից` նպատակ ունենալով ապակենտրոնացնել տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները մայրաքաղաքից դեպի մարզեր, խթանել ոլորտի ընկերությունների հիմնումն ու գործունեությունը մարզերում՝ վերջիններիս պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմամբ նվազեցնել ուղեղների արտահոսքը մարզերից եւ նպատակային ծրագրերի միջոցով նպաստել աշխատատեղերի ստեղծմանը:
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: