11:45 | 15.02.21 | Նորություններ | 4327
Հայաստանում Կիբեռանվտանգության Գերազանցության ազգային կենտրոն կստեղծվի, որը կհանդիսանա պետական համակարգերի կիբեռանվտանգության գրավականը, կապահովի անձնական տվյալների պաշտպանություն եւ կխթանի կիբեռգրագիտության զարգացումը:
Այս մասին հայտնի է դարձել անցած շաբաթ, երբ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը եւ արդյունքային ցուցանիշները:
Ըստ արդյունքային ցուցանիշների, մինչեւ 2025 թվականը՝
- Հայաստանը կընդգրկվի ՄԱԿ-ի «Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցանիշ (ինդեքս)»-ով լավագույն 25 երկրների ցանկում։ (Այժմ գտնվում է 67֊րդ դիրքում, կբարելավի 42 դիրքով)
- ՀՀ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի 80% ապահոված կլինեն լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապով եւ պետական թվային ծառայությունների հասանելիությամբ(այժմ այդ ցուցանիշը մոտ 40% է):
- ՀՀ պետական եւ մասնավոր հատվածի տվյալները հնարավոր կլինի պահպանել հատուկ ստեղծված տվյալների պահպանման, մշակման եւ փոխանցման կենտրոնում հիմնված ամպային ենթակառուցվածքների տեխնոլոգիաների վրա:
Ենթակառուցվածքը նաեւ տարածաշրջանային նշանակություն կունենա:
- Բոլոր պետական կայքերը եւ էլեկտրոնային համակարգերը կունենան միասնական չափանիշներ ու ճարտարապետություն եւ ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
- Կթվայնացվեն եւ առցանց կմատուցվեն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ, մասնավորապես շուրջ 150 լիցենզիաները եւ թույլտվությունները հնարավոր կլինի ստանալ առցանց, այդ թվում՝ նաեւ շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը ամբողջությամբ կթվայնացվի:
- Կառավարությունը բացառելու է քաղաքացուց փաստաթղթեր եւ տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթեր արդեն իսկ առկա են որեւէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում:
- Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին բազմաթիվ ծառայություններ (անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում եւ այլն) կմատուցվեն առցանց:
- ՀՀ պետական բոլոր կայքերից եւ էլեկտրոնային համակարգերից հնարավոր կլինի օգտվել նաեւ Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ:
- Տարբեր կրթական ծրագրերի միջոցով կբարձրացվի բնակչության թվային եւ կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների մակարդակը:
- Կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։
Նշվում է, որ իրավաբանական անձանց հետ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքացիները՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով։
Հայաստանի թվայնացման ռազմավարությանը կարող է ծանոթանալ այստեղ: