14:31 | 08.02.21 | Նորություններ | 2820

Հայտնի են 2021թ. սկզբի ամենաշատ ներբեռնված հավելվածները

Sensor Tower վերլուծական ընկերությունը հրապարակել է 2021թ. հունվարին աշխարհում ամենաշատ ներբեռնված հավելվածների վարկանիշը:

Վարկանիշի համաձայն, ամենատարածված ոչ խաղային հավելվածը Telegram-ն է: Վերջին մեկ ամսվա ընթացքում այն ներբեռնվել է ավելի քան 63 մլն անգամ (3,8 անգամ ավելի, քան 2020թ. հունվարին): Telegram-ի ներբեռնումների մեծ մասը՝ 25%-ը, արձանագրվել է Հնդկաստանում, 10%-ը՝ Ինդոնեզիայում:

Երկրորդ ամենաշատ ներբեռնված հավելվածը TikTok–ն է: Չինական հավելվածը ներբեռնվել է ավելի քան 62 մլն անգամ: Ներբեռնումների թվով առաջատարն են Չինաստանը (17%) եւ ԱՄՆ-ն (10%):

photo © amazonaws.com



Առաջատար հնգյակում ներառված են նաեւ Signal մեսենջերը, Facebook-ը եւ WhatsApp-ը:

Sensor Tower-ի տվյալները հիմնված են 2021թ. հունվարի 1-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում App Store-ից եւ Google Play-ից մոբայլ հավելվածների ներբեռնումների քանակի վրա:



Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն անցած ամիս հայտարարեց, որ Telegram-ի լսարանը հունվար ամսվա տվյալներով հասնում է 500 մլն ամսական ակտիվ օգտագործողի: Telegram-ի ներբեռնումների ակտիվ աճի վրա ազդել են մի շարք գործոններ, ներառյալ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության փոփոխությունը, ԱՄՆ-ում բողոքների ֆոնին Դոնալդ Թրամփի Twitter-ի հաշվի արգելափակումը եւ Parler սոցիալական ցանցի հեռացումը App Store-ից եւ Google Play-ից: