12:54 | 23.09.20 | Նորություններ | exclusive 2325

Հայտնի են «Կայծ» ինկուբատորի հաղթող կրթական ստարտափները

Սեպտեմբերի 19-ին «Կայծ»-ը՝  Հայաստանում կրթական ստարտափների համար առաջին սոցիալական նորարարական ինկուբատորը, անցկացրեց իր առաջին փիչինգ-մրցույթը, որի հաղթող թիմերն արժանացան դրամական պարգեւների։

Այս տարվա մայիսին «Դասավանդի'ր, Հայաստան»-ը մեկնարկել էր «Կայծ» ինկուբատորը՝ 70 մասնակիցներով, որոնք կազմեցին 32 թիմ` միավորվելով մեկ գաղափարի շուրջ. վերափոխել կրթությունը Հայաստանում:


Այս ընթացքում թիմերն ունեցել են ավելի քան 30 սեմինարներ եւ դասընթացներ՝ ոլորտի փորձագետների եւ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի անձնակազմի հետ: 4 ամիս պատրաստվելուց հետո 13 թիմ, անցնելով եզրափակիչ փուլ, իրենց գաղափարները ներկայացրեցին ժյուրիին, իսկ հաղթողները ստացան $45 հազ. մրցանակ` 3 տարբեր ուղղություններով։


Առաջին ուղղությունում հաղթող ճանաչվեց «Զարդենի» ուտելի ծաղիկները ներկայացնող ստարտափը՝ արժանանալով 9 մլն դրամ մրցանակի։ Դպրոցին կից ջերմոցում կաճեցվեն ուտելի ծաղիկներ եւ բույսեր՝ վաճառելու, դպրոցին հավելյալ եկամուտ ապահովելու նպատակով։ Նպատակն է աշակերտների մեջ զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները, պատասխանատու վերաբերմունքը բնության նկատմամբ, ինչպես նաեւ ապահովել երեխաների զբաղվածություն,այլընտրանքային կրթական տարածքի ստեղծում։

«Նոր Դաս» ստարտափն արժանացավ 2 մլն դրամ մրցանակի։ Նորարարական խաղային-սիմուլյացիոն հավելվածի միջոցով ստարտափը նպատակ ունի դասավանդման գործնական հմտություններ ձեւավորել եւ զարգացնել ուսուցիչների շրջանում։ Նպատակներից են ուսուցման մեթոդների եւ գործիքակազմի արդիականացումը եւ կիրառման հնարավորությունների ստեղծումը։

Նախատեսվում է մշակել եւ ստեղծել դասի պլանների, դաս-նմուշների, դասի փուլերի, դասավանդման մեթոդների, աշակերտների վարքի, առանձնահատկությունների եւ ուսուցչի գործողությունների շտեմարան։ Ստեղծված բազան ակտիվ է դաս-խաղի ժամանակ․ ուսուցիչը սկսում է դաս վարել, որի ընթացքում կիրառում է գործիքակազմ, անցնում է դասի բոլոր կամ առանձին փուլերով, հետեւում է աշակերտների արձագանքին, ավարտում է դասն ու ստանում հետադարձ կապ – վերլուծություն՝ իր ընտրությունների վերաբերյալ։

Երկրորդ ուղղությունում հաղթող ճանաչվեց «Հավասար» ստարտափը՝ արժանանալով 6 մլն դրամ պարգեւի։ Հավելվածը տարրական դասարաններում սովորողների համար է նախատեսված, որը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող աշակերտների համար եւ կպարունակի ուսումնական նյութի հետաքրքրաշարժ եւ մատչելի տարբերակը (սուրդոթարգմանություններ, հոլովակներ, խաղեր):

ԱրիԲաս (AreeBus) ստարտափը ստացավ 2 մլն դրամ։ Այն շարժական լսարան է, որը շրջում է Հայաստանի եւ Արցախի այն համայնքներով, որտեղ չկան տեխնոլոգիական խմբակներ եւ երեխաների համար բոլորովին անվճար հասանելի է դարձնում բնապահպանական եւ տեխնոլոգիական կրթությունը։

3-րդ ուղղությունում հաղթեց EduAR թիմը՝ ստանալով 5 մլն դրամ պարգեւ։ Ստարտափի նպատակն է STEM առարկաների ուսուցման նպատակով հավելված ստեղծել՝ վիրտուալ եւ լրացնող իրականության (AR, VR, MR) գործիքներով եւ հնարավորություններով։


Հիշեցնենք, որ ծրագրի 4 ամիսների ընթացքում թիմերն ունեցել են ավելի քան 30 սեմինարներ եւ դասընթացներ՝ ոլորտի փորձագետների եւ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի անձնակազմի հետ: