12:50 | 07.09.20 | Նորություններ | 1371
Սեպտեմբերի 4-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների առաջին խումբ հավաստագրերի հանձնման արարողությունը:
Ծրագրի շրջանակներում 2000 մարդ, անկախ տարիքից, նախնական կրթական չափանիշից, հնարավորություն է ստացել ծրագրավորման հիմունքներ ուսումնասիրելու բարձր մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի միջոցով:
Վկայականներ եւ մասնակցության հավաստագրեր ստացան 177 ուսանողներ. դասընթացն ավարտել եւ շուտով վկայական կստանա եւս 342 ուսանող:
Սեպտեմբերի սկզբին դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 3245 (ՀՀ մարզերից եւ Արցախից՝ 1603 (49.3%), Երեւանից՝ 1642 (50.6%)), սովորում է՝ 1200 ուսանող (մարզերից՝ 574, Երեւանից՝ 626): Վերջին քննությանը մասնակցել եւ անցողիկ շեմը հաղթահարել է՝ 280 ուսանող: Առաջիկա քննությանը մասնակցելու է 82 դիմորդ:
Ի լրումն ստացված կրթության Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպելու եւ ֆինանսավորելու է լավագույն արդյունքներ գրանցած 50-ից ավելի ուսանողների համար անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում՝ լավագույն 5-ը ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում: Լրացուցիչ խորացված դասընթացներին մասնակցելու առաջարկ արդեն իսկ արվել է 30 շրջանավարտի։
ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի իրականացման առաջին մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության եւ խոհարարության ոլորտներից։