11:13 | 04.09.20 | Նորություններ | 1409
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն: Նրա խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաեւ սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլեւ իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա:
Կարեկին Օդաբաշյանն իր հերթին նշել է, որ, չնայած համավարակի պատճառով ներկրված նոր սարքավորումների տեղադրումը դանդաղել էր, բայց այս օրերին ընկերությունը ողջ ծավալով շարունակում է աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում եւ Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Իսկ մինչեւ տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:
Մինչեւ 2022թ.-ը էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաեւ նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին: