13:36 | 22.07.20 | Նորություններ | 3531

«Արմաթ» համայնքը Վեդիի համայնքապետարանի համար ախտահանիչ թունել է մշակել

Նախօրեին Վեդու համայնքապետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համագործակցության արդյունքում տեղադրվել է  ախտահանիչ թունել, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում. այսուհետ շենք մուտք գործողը ոտքից գլուխ ախտահանվելու է։

Միջոցառմանը ներկա էին Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, նախագծի հեղինակ, Վեդի քաղաքի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը,  «Արմաթ» նախագծի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժ. պ. Արկադի Սահակյանը, հյուրեր։  

«Այս ապարատները, որ կոչվում են ախտահանիչ թունելներ, կիրառվում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում։ Նախագծի գծագրերը կային վաղուց, սակայն այն իրագործելու, ապրանքային տեսքի բերելու համար անհրաժեշտ էր որոշակի ֆինանսավորում։ Մի օր նկատեցի, թե ինչպես է մեր համայնքապետը փողոցում մարդկանց դիմակ բաժանում ու անմիջապես հանդիպում խնդրեցի, որ միասին ձգտենք ավելին անելու մեր համայնքի համար։ Դրա ընթացքում ներկայացրի ապարատ պատրաստելու գաղափարը, ինչը մեծ ոգեւորությամբ ընդունվեց։ Շուտով որոշվեց ֆինանսավորել առաջին նմուշի պատրաստումը՝ հենց համայնքապետարանի մուտքի մոտ տեղադրելու համար»,- նշել է Օրբել Խաչատրյանը։

Նախագծի հեղինակը նշեց նաեւ, որ ապարատի ստեղծման ընթացքում կատարվել են որոշ նորարարություններ։
   
«Թունելը պատրաստելիս փորձել ենք հնարավորինս պարզեցնել կառուցվածքն ու պատրաստման գործընթացը, որպեսզի արդյունքում ապարատի մանրամասները բաց կերպով տրամադրենք մեր «Արմաթ» համայնքին, որ երեխաները կարողանան մարզերում իրենց ուժերով պատրաստել այն։ Ֆինանսական տեսակյունից եւս սարքը  բավականին մատչելի է։ Համավարակի առաջին իսկ օրվանից «Արմաթ» համայնքն ընդունել է մարտահրավերն ու մինչեւ վերջ փորձելու է աջակցել պայքարին»,- ընդգծել է նա։

Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը կարեւորել է սարքի առկայությունը համայնքապետարանում եւ հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի ու համագործակցությունը «Արմաթ» համայնքի հետ շարունակական բնույթ կկրի։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանն իր խոսքում նշել է, որ նախագիծը չափազանց կարեւոր է, քանի որ երկրի համար նման բարդ իրավիճակում երեխաները սովորում են սոցիալական պատասխանատվություն կրել իրենց պետության ու հասարակության առաջ, փորձել հնարավորինս օգտակար լինել իրենց գործունեությամբ։

Նախորդ փորձը դիմավահանների արտադրությունն էր, որի մեկնարկից ի վեր աշխատանքները տարածվեցին ամբողջ համայնքով ու երկու հազարից ավել դիմավահաններ տրամադրվեցին բուժհաստատությունների ու ուժային կառույցների։

«Այժմ համոզված ենք, որ Վեդին կլինի առաջինը եւ նման ապարատներ շուտով կպատրաստվեն մեր տարբեր մարզերի «Արմաթ» համայնքի ներկայացուցիչների կողմից», - եզրափակել է Արկադի Սահակյանը։