12:25 | 20.07.20 | Նորություններ | 3045
ՏՀՏ գործատուների միության վերջերս մեկնարկած նոր նախագիծը՝ Silicon LIVE, առցանց բիզնես հարցազրույցների շարք է՝ ՏՀՏ գործատուների միության անդամ ընկերությունների առաջնորդների, այլ միությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ամիսը երկու անգամ, Silicon LIVE -ի ուղիղ եթերին մասնակցում են ՏՀՏ գործատուների միության անդամ, ոլորտի խոշոր կազմակերպությունները, ինչպես նաեւ ստարտափները:
Silicon LIVE-ի թիրախում են նաեւ երիտասարդները, որոնց համար հաղորդման հյուրը կարող է հանդիսանալ պոտենցիալ գործատու: Հաղորդումը ներկայացնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման միտումները եւ այն պրոյեկտելով Հայաստանի վրա, միտված է օգնելու երիտասարդներին՝ ընտրել ապագայի տեխնոլոգիական մասնագիտությունը:
«Երկար ժամանակ է որոշել էինք Silicon LIVE-ի նման նախագիծ իրականացնել: Փորձում ենք ամեն եթերին մոտենալ յուրովի: Յուրաքանչյուր հյուրի համար պատրաստում ենք տեխնոլոգիական ոլորտին առնչվող եւ հանդիսատեսին հուզող հարցերը: Հաղորդման ընթացքում բացահայտում ենք հյուրի ապագայի կանխատեսումները եւ տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ իր տեսլականը»,- նշել է ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, հավելելով, որ հաղորդումները վարում է Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:
Առաջին երկու եթերներին մասնակցել ՎիվաՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Հաջորդ հաղորդման հյուրն է Ռոստելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Եթերների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ նախորդ եթերները հնարավոր է տեսնել ՏՀՏ գործատուների միության ֆեյսբուքյան եւ Յութուբյան էջերում: