11:58 | 06.04.20 | Նորություններ | 9558

«Ռոստելեկոմ»-ը համագործակցություն է սկսում CenturyLink ընկերության հետ

«Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է համագործակցություն համաշխարհային խոշորագույն ինտերնետ մատակարար CenturyLink ընկերության հետ, որի շնորհիվ ընկերությունը դիվերսիֆիկացնում է համացանցի միջազգային իր ռեսուրսները:

Այսուհետ ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու էլ ավելի հուսալի Ինտերնետ կապից:

«Մենք կարեւորում ենք այս համագործակցության մեկնարկը հատկապես այս օրերին, երբ համացանցը եւ հեռահար թվային ծառայություններն ավելի ակտուալ են, քան երբեւէ: Մեր միջազգային գործընկերների ցանկում ավելացնելով համաշխարհային առաջատար CenturyLink ընկերությանը՝ մենք ավելի լայն հնարավորություններ ենք բացում մեր հաճախորդների առջեւ»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

CenturyLink (CTL)-ը տեխնոլոգիական առաջատար է, որը համացանցի, ամպային կապի եւ անվտանգության լուծումներ է մատուցում ամբողջ աշխարհում: Իր ընդարձակ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով CenturyLink-ն ապահովում է անվտանգ եւ հուսալի ծառայություններ՝ կապի օպերատորների, բիզնեսի եւ սպառողների անընդհատ աճող թվային պահանջները բավարարելու համար:

Ընկերությունը ծառայություններ է մատուցում ավելի քան 60 երկրում, եւ ցանցի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը հասնում է շուրջ 450.000 մղոնի: