10:53 | 26.03.20 | Նորություններ | 79653

Ներկայացվել են COVID-19-ի տարածումը կանխարգելող ՀՀ-ում մշակվող տեխնոլոգիական լուծումները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է այն տեխնոլոգիական լուծումները, որոնք մշակվել են հայ մասնագետների կողմից` Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման ուղղությամբ:

Ձեւավորվել է ՏՏ ոլորտի մասնագետներից բաղկացած խումբ։ Նախարարի խոսքով, այս պահին առկա է պատրաստի գործիք, որում ամփոփվում եւ մուտք են արվում տվյալները։ Նպատակը՝ վիրուսի տարածման քարտեզագրումն ու վերահսկումն է։

Հաջորդը՝ տվյալագետների աշխատանքի ուղղությունն է, որտեղ հնարավոր սցենարներ են մշակվում՝ կապված արգելափակումների հետ, թե մարդկանց շարժի ու շփումների դեպքում ինչպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ։

«Նրանց աշխատանքը հնարավորություններ է ստեղծում հետագայում ռիսկերից խուսափելու եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։ Այստեղ նաեւ օպերատորները բավականին լուրջ դեր ունեն, քանի որ բջջային ցանցի միջոցով հնարավոր է լինում առանց մարդու անձնական տվյալներին տիրապետելու՝ շարժն ու ակտիվությունը տեսնել , ինչպես նաեւ մարդկանց կուտակումները, ռիսկային գոտիները հստակեցնել եւ որոշակի ծրագրային ապահովումների միջոցով հասկանալ, թե ինչպիսի ռիսկեր կան»,- նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ սահմանային հսկողության եւ տվյալների սինքրոնացման մասին, նշել, որ տվյալների բազայի հետ աշխատանքներ են տարվում, եւ այն հնարավորինս ավտոմատացվում է։

Նախարարն անդրադարձել է տեղաշարժման թերթիկների թղթային տարբերակին եւ էլեկտրոնայինի առավելություններին, նշելով, որ ներկայում թվային տարբերակներն են ուսումնասիրվում եւ գնահատվում է դրանց նպատակահարմարությունը։

Հակոբ Արշակյանը հավելել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ։ Այն թույլ կտա բոլոր այն մարդկանց, որոնք գաղափարներ ունեն Կորոնավիրուսի կանխարգելման, տեղորոշման կամ այլ միջոցների մասին, ստանալ ֆինանսավորում՝ դրանք իրագործելու համար։