17:43 | 19.03.20 | Նորություններ | 87129

«Ռոստելեկոմ»-ն աջակցում է Հայաստանում հեռավար կրթությանը

Մարտի 19-ից «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu (ch 121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։

Ծրագիրն իրականացվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ։

Hybrid Edu հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։

Նրանց համար, ովքեր չեն դիտել եթերը կամ ցանկանում են ամրապնդել ուսումնական նյութերը, հեռուստաալիքի եթերում հեռարձակվող բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն նաեւ ՍՄԱՐԹ հեռուստատեսության Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով:

«Ուրախ ենք աջակցելու մեր երկրում հեռավար կրթության իրականացման այս կարեւոր գործընթացին, որին միացել են ոլորտի լավագույն մասնագետներն ու ուսուցիչները։ Ստեղծված իրավիճակում շատ կարեւոր է համախմբել ուժերը եւ ապահովել հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացների շարունակականությունը։

Կոչ ենք անում բոլորին օգտագործելու հեռավար կրթության յուրաքանչյուր գործիք՝ տեսակապեր, սոցիալական մեդիաների հարթակներ, էլեկտրոնային փոստեր եւ այլն՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու եւ դասապրոցեսների անընդհատությունն ապահովելու համար։ Ռստելեկոմն իր տեխնոլոգիական պատրաստվածությամբ ամբողջովին պատրաստ է սպասարկել ցանկացած տեսակի էլեկտրոնային ծառայություն, որը կիրառվում է կրթության եւ այլ ոլորտներում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Յուրաքանչյուր օրվա դասցուցակ նախապես հրապարակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Տեսանյութերը պարբերաբար համալրվում են եւ տեղադրվում յութուբյան հատուկ ալիքում:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է նաեւ հեռավար ուուցման ռեսուրսների հարթակ՝ heravar.armedu.am, որտեղ հավաքված են հեռավար կրթության գործիքների հղումներ։