16:34 | 28.06.19 | Նորություններ | 2162

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) մեկնարկել է արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որով էլ կամփոփվի ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

Միջոցառմանը մասնակցում է նաեւ աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կազմված կլինի երեք պանելային քննարկումներից։

Առաջին պանելային քննարկման շրջանակում հայ եւ արտերկրի խոսնակները կխոսեն Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների մասին եւ թե ինչ ռեսուրսներ են առկա դրան հասնելու համար։

Հաջորդ քննարկումը նվիրված կլինի Վանաձորի բիզնես եւ ներդրումային գրավչությանը: Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը դա միայն Երեւանը չէ, եւ որ մարզերում եւս առկա են տեխնոլոգիական նշանակալից զարգացումներ։ Քննարկմանը կմասնակցեն մարդիկ, որոնք Վանաձորում ունեն տեխնոլոգիական ոլորտի բիզնես կամ նման նպատակ։

Վանաձորյան միջոցառումը կավարտվի շաբաթվա արդյունքների քննարկմամբ՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Զուգահեռաբար կանցկացվի նաև ինժեներական լուծումների ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն տարբեր մարզերում գործող տեխնոլոգիական ընկերությունների մշակած լուծումները։

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նաեւ ավարտական վկայականներ կհանձնի երեք գործընկերների հետ իրականացրած ծրագրերի շրջանակում։ Վկայականներ կստանան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Յանդեքս Ակադեմիայի համատեղ դասընթացի եւ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացված «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները, ինչպես նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստված ուսուցիչները։

Շաբաթը կեզրափակվի ռոք համերգով, որը կկայանա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացօթյա ամֆիթատրոնում:

Հունիսի 24-28-ին Երևանում և Վանաձորում անցկացվող «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցում են Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային ասոցիացիայի նախագահն ու բարձր տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ։