12:15 | 21.05.19 | Նորություններ | 2144

«Կասպերսկի». ՀՀ օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի

Հայաստանում օգտատերերի 8,2%-ը 2019թ. առաջին եռամսյակում ենթարկվել է ֆիշինգային գրոհների։

Նույն ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում, իսկ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է օգտատերերի 14,76%-ը, եւ այդ ցուցանիշով երկիրն աշխարհում գրավել է 10-րդ տեղը։

Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Եթե 2019թ. առաջին եռամսյակում ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգի միջոցով աշխարհում կանխվել է խարդախ կայքեր օգտատերերի անցնելու 111 մլն 832 հազ. 308 փորձ, եւ գրոհների ենթարկված ունիկալ օգտատերերի բաժինը կազմել է նրանց ընդհանուր թվի 12,11%-ը, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են 90 մլն 245 հազ. 60 եւ 9,6%։

Փորձագետները Հայաստանի նկատմամբ ֆիշերների հետաքրքրությունը բացատրում են առցանց գործարքներ կատարելու հարցում օգտատերերի ակտիվությամբ։ Դեպի օգտատերերի փողեր ուղին ֆիշերները հարթում են խաբեությամբ նրանց հաշվառման տվյալներին տիրանալու միջոցով։ Համապատասխանաբար, օգտատերերը չպետք է արձագանքեն կասկածելի առաջարկներին եւ անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների եւ կայքերի կեղծ հղումներով, եւ այնուհետեւ տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Ֆիշինգային կայքեր այցելելու հարցում օգտատերերի անվտանգությունն ապահովում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը։