10:29 | 01.05.19 | Նորություններ | 4893

Facebook-ն «ազատվում է» կապույտից եւ դառնում մինիմալիստական

Ապրիլի 30-ին մեկնարկած F8 կոնֆերանսի շրջանակում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է սոցցանցում լուրջ փոփոխությունների մասին։

15 տարվա գոյության ընթացքում Facebook-ը կկատարի դիզայնի ամենախոշոր փոփոխությունները։

Սոցցանցն այլեւս կապույտ չի լինի

Facebook-ի նոր դիզայնից կանհետանան կապույտ երանգները։ Վերին կապույտ շերտը կփոխարինվի սպիտակով, որտեղ մի քանի գործառույթների կոճակներ կլինեն։ Հավելվածն, ընդհանուր առմամբ, մինիմալիստական դիզայն կստանա։

Խմբեր եւ իրադարձություններ

Ինտերֆեյսի վերին հատվածում գլխավոր կոճակներն են՝ Home, Տեսանյութի դիտում, Խմբեր եւ իրադարձություններ։ Վերջին երկուսը թույլ կտան անցնել անձնական տեղեկատվության պաշտպանության կոնցեպտին։ Պատմությունները կտեղակայվեն գլխավոր կոճակների ներքեւում, որին կհաջորդի գրառումների ժապավենը։ Դիզայնը կփոխվի ընտրված գործառույթին համապատասխան։

Ավելի շատ անվտանգություն

Օգտատերերն այսուհետ կարող են խմբեր եւ իրադարձություններ ստեղծել ավելի նեղ շրջանակի ընկերների համար։ Շատ մոտ ընկերների համար առանձին հատված կա՝ «Մոտ ընկերներ»։  

Ծանոթություններ

Գործառույթն արդեն հասանելի է միայն մոտ մեկ տասնյակ երկրներում, այդ թվում՝ Թայլանդում եւ Կանադայում։ ԱՄՆ-ում, օրինակ, այն դեռ գործարկված չէ։

Շոփինգ

Facebook-ում հնարավոր կլինի առեւտուր կատարել վաճառքի եւ վճարման ինտեգրված հնարավորություններով։ Ծառայությունը նախկինում էլ գործում էր, սակայն վճարում անել հնարավոր էր միայն այլ ռեսուրսների միջոցով։

Գործնական եւ անվտանգ Messenger

Նոր տարբերակում Messenger-ն ավելի արագ կաշխատի, կստանա բիզնեսի  եւ ընկերներով վիդեո կոնտենտ դիտելու ավելի շատ գործառույթներ։ Հավելվածը հասանելի կլինի նաեւ Windows եւ macOS տարբերակներում։

Instagram

Instagram-ում հնարավոր կլինի թաքցնել սեփական գրառումների հավանումների քանակը։ Բացի դա, հայտնի մարդիկ կարող են հատուկ թեգով նշել այն հագուստը, որը կրում են, ինչը հնարավորություն կտա նրանց երկրպագուներին գնել այն հենց Instagram-ում։

Վիրտուալ իրականություն

Ներկայացվել են Oculus Rift S եւ Oculus Quest վիրտուալ իրականության սաղավարտները, որոնք կարելի է գնել մայիսի 21-ից։ ԱՄՆ-ում դրանք կարժենան $400։

Խոշոր փոփոխություններ կատարելու Facebook-ի որոշումը կարող է կապված լինել անձնական տվյալների անվտանգությանն առնչվող շղթայական սկանդալների հետ, որոնց ընկերությունը բախվում է վերջին շրջանում։