14:19 | 08.10.18 | Նորություններ | 3858
Հոկտեմբերի 5-6-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած HackaFair (հաքաթոն + աշխատանքային տոնավաճառ) միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզում եւ Երեւանում գործող ՏՏ ընկերություններ եւ Շիրակի մարզում բնակվող սկսնակ ծրագրավորողներ։
24-ժամյա միջոցառման ընթացքում վերապատրաստման դասընթացներ անցած երիտասարդները թիմային աշխատանքի ընթացքում մշակել են նորարարական լուծումներ, որոնք միջոցառման ավարտին ներկայացրել են պոտենցիալ գործատուներին։
Գործատուները նաեւ հետեւել են թիմերի աշխատանքին, ծանոթացել նրանց տեսական գիտելիքներին եւ գործնական հմտություններին:
«Hackafair-ը նոր ձեւաչափ է, որը թույլ է տալիս կապ ստեղծել Շիրակի մարզում գործող ընկերությունների եւ սկսնակ ծրագրավորողների միջեւ։ Արդյունքում պոտենցիալ գործատուները կարողանում են գործնականում տեսնել ծրագրավորողների հմտությունները։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած երիտասարդներից շատերը այսօր կարողացան մոտիկից շփվել գործատուների հետ եւ ներկայանալ նրանց»,- նշել է ՄԻԿ-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
HackaFair-ի ավարտին ՏՏ մասնագետներից բաղկացած ժյուրին գնահատել է բոլոր թիմերի կատարած աշխատանքը: Թիմերը մրցանակներ են ստացել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից։
Առաջին մրցանակը տրվել է Chessify թիմին: Երկրորդ եւ երրորդ մրցանակներին արժանացել են համապատասխանաբար Bughunters եւ Evrika թիմերը։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը տրամադրել է նաեւ հատուկ մրցանակ՝ (150 հազար դրամ) լավագույն կրթական լուծման համար: Դրան արժանացել են Three nuts եւ Armenoids թիմերը։ Միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ են տրամադրել նաեւ gg ընկերությունը եւ Որակի ապահովման մասնագետների հայկական միությունը։
Եվրամիության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում ծրագրավորման դասընթացներ են անցել ավելի քան 240 գործազուրկ երիտասարդներ։ Նրանցից շատերն արդեն աշխատում են Շիրակի մարզում գործող տարբեր ՏՏ ընկերություններում։