16:28 | 29.09.26 | Նորություններ | 68
Գիտությունը մեկ շաբաթով դուրս եկավ լաբորատորիաների ու լսարանների սահմաններից՝ դառնալով հազարավոր երեխաների, պատանիների եւ մեծահասակների համար բացահայտումների, փորձարկումների ու նոր գաղափարների հարթակ։
«Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» խորագրով «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր։
Գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված ապակենտրոնացված միջոցառումներն անցկացվել են ողջ երկրում, իսկ փառատոնային օրերը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ERNA փառատոնի շրջանակում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն լսելու գիտության մասին, այլեւ սեփական փորձով բացահայտելու այն՝ գիտափորձերի, խաղերի, ինտերակտիվ տաղավարների, կինոդիտումների եւ նորարարական նախաձեռնությունների միջոցով։
«Team-ը, ստեղծման առաջին օրվանից սահմանելով իր ռազմավարական առաջնահերթությունները, ցանկացել է նպաստել մեր երկրում այնպիսի միջավայրի ձեւավորմանը, որտեղ գիտությունը եւ տեխնոլոգիաները հասանելի կլինեն հասարակության լայն հատվածներին։
«Գիտության շաբաթը» կարեւոր նախաձեռնություն է նաեւ նրանով, որ գիտությունը դուրս է բերում մասնագիտական եւ ակադեմիական միջավայրից, այն դարձնում է ավելի արկածային, հետաքրքիր եւ հասանելի երեխաների եւ պատանիների համար»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:
«Շատ կարեւոր է գիտության հանդեպ հետաքրքրությունը հենց մանկուց մեծացնելը, պահպանելն ու այնպես անելը, որ ավելի շատ մարդ հետաքրքրվի, զբաղվի գիտությամբ, ճարտարագիտությամբ, բարձրորակ մասնագետ դառնա եւ կարողանա բարդ խնդիրներ լուծել, որոնք իրենց հերթին էլ կզորացնեն Հայաստանը»,- նշել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը:
Այս տարվա «Գիտության շաբաթվա» մասշտաբն արտահայտվում է նաեւ մասնակցության ցուցանիշներով։ Կրթական աշխատանքային գրքույկները ներբեռնել են ավելի քան 400 դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչպես նաեւ ավելի քան 200 անհատներ։ Գիտահեն առցանց խաղերը հինգ օրերի ընթացքում խաղացվել են մի քանի հարյուր անգամ, իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթին ներկայացվել է ավելի քան 50 աշխատանք։
Team-ը փառատոնային օրերին ներկայացել է ինտերակտիվ տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով խաղալու, լուսանկարվելու եւ զգալու տիեզերական արագությունը:
Team Telecom Armenia-ն շարունակում է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանում գիտական եւ տեխնոլոգիական մտածողության զարգացմանը: