Հայկական EasyDMARC-ը ներկայացրել է էլ․ փոստի վստահելիության հարթակ (Email Trust Platform), որը կապահովի ժամանակակից բարդ ՏՏ  ենթակառուցվածքների գործակալային դիտարկելիությունն ու վերահսկումը։

Հարթակը ներկայացնում է էլ․ փոստային ենթակառուցվածքի կառավարման կենտրոնացված գործառնական մոդել, որը շատ ավելի լայն գործիքակազմ ունի, քան ավանդական, ստատիկ նույնականացման մեթոդները։ 

Այս նոր մոտեցումը հնարավորություն է տալիս մեկանգամյա կարգավորումներից անցնել շարունակական վերահսկողության՝ ապահովելով անհրաժեշտ տեսանելիություն՝ ենթակառուցվածքի վարքագիծը հասկանալու, ռիսկերը կանխարգելիչ կերպով կառավարելու եւ բիզնեսի համար կարեւոր հաղորդակցությունների նկատմամբ վստահելիությունը, դրանց պատշաճ առաքումն ու արդյունավետությունը հետեւողականորեն ապահովելու համար։

Հարթակը միավորում է երեք փոխկապակցված գործառնական շերտ.

•    System of Record՝ տվյալների միասնական համակարգ։ Ապահովում է էլփոստային ենթակառուցվածքի վերաբերյալ միասնական եւ վստահելի տեղեկատվական աղբյուր՝ շարունակական տեսանելիություն տրամադրելով դոմենների, ուղարկողների, կարգավորումների, կախվածությունների եւ դոմենների հեղինակության ազդակների վերաբերյալ։
•    System of Intelligence՝ վերլուծական բանականության համակարգ։ Փոխկապակցում է տարբեր եւ բարդ ազդակները՝ համակարգի վարքագիծը բացատրելու եւ ռիսկերի առաջացման աղբյուրները բացահայտելու համար՝ հայտնաբերելով ենթակառուցվածքի կարգավորումների շեղումների հիմնական պատճառները նախքան դրանք կազդեն անվտանգության վրա։
•    System of Action՝ գործողությունների համակարգ։ ՏՏ եւ տեղեկատվական անվտանգության թիմերին հնարավորություն է տալիս պասիվ մոնիթորինգից անցնել ակտիվ կառավարման՝ հետեւողականորեն կիրառելով սահմանված քաղաքականությունները (policies) եւ վերահսկելով ենթակառուցվածքի աշխատանքը դրա զարգացմանը զուգընթաց։

Հարթակի հիմքում գործակալային բանականության շերտն է, որն անընդհատ վերլուծում է ենթակառուցվածքի տարբեր շերտերից ստացվող ազդակները։

«DMARC-ը լուծեց էլփոստի անվտանգության կարեւորագույն խնդիրներից մեկը, սակայն լայնածավալ էլփոստային ենթակառուցվածքի կառավարումը դարձել է շատ ավելի բարդ։ Այսօր կազմակերպություններն աշխատում են բազմաթիվ մատակարարների, հարթակների հետ, ունեն բարդ աշխատանքային գործընթացներ, ինչի հետեւանքով վստահելիության ապահովումը դարձել է շարունակական գործառնական մարտահրավեր։ Մենք ստեղծել ենք Email Trust Platform-ը, որպեսզի թիմերն ունենան միասնական միջոց՝ իրենց էլփոստային ենթակառուցվածքը մշտադիտարկելու, գնահատելու եւ վերահսկելու համար՝ դրա զարգացմանը զուգընթաց»,- նշել է EasyDMARC-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Գերասիմ Հովհաննիսյանը։

Հարթակի գործարկումն արտացոլում է նաեւ ոլորտում տեղի ունեցող ավելի լայն փոփոխությունները՝ պայմանավորված ԱԲ-ի միջոցով ստեղծվող ֆիշինգային հարձակումներով եւ բիզնեսի համար կարեւոր գործընթացներում էլփոստից աճող կախվածությամբ։