Ucom-ի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երեւանի կողմից իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom եւ հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։

Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մասնակիցների հետ կիսվել է առաջնորդության եւ ձեռներեցության ոլորտում իր փորձով ու դիտարկումներով, ծանոթացել թիմերի առաջընթացին, քննարկել նրանց առջեւ ծառացած մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները եւ տվել գործնական խորհուրդներ՝ ելնելով յուրաքանչյուր թիմի ընթացիկ կարիքներից։

Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող Ucom Fellowship ծրագիրն աջակցում է Հայաստանում գործող վաղ փուլում գտնվող թիմերին, ստարտափներին եւ ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են մշակում բնապահպանական խնդիրների լուծման համար։

«Լավ գաղափարը կարեւոր սկիզբ է, բայց այն իրական փոփոխություն է դառնում միայն այն ժամանակ, երբ գաղափարի հետեւում կանգնած մարդիկ պատրաստ են այն փորձարկել, զարգացնել եւ պատասխանատվություն ստանձնել արդյունքի համար։ Ucom-ում մեզ համար հատկապես կարեւոր է տեսնել, որ տեխնոլոգիան կարող է ծառայել ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլեւ բնապահպանական խնդիրների լուծմանը»,– ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ութամսյա ծրագրի ընթացքում Իմփաքթ Հաբ Երեւանը մասնակիցներին ուղեկցում է ինկուբացիոն ամբողջ գործընթացում՝ օգնելով ստուգել գաղափարների կենսունակությունը, ամրապնդել բիզնես մոդելները եւ մշակել նախատիպեր կամ նվազագույն կենսունակ արտադրանքներ (MVP)։

Ծրագիրը ներառում է մասնակիցների կարիքներին համապատասխան դասընթացներ, անհատական մենթորություն, փորձագիտական խորհրդատվություն, կապերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաեւ հասանելիություն Իմփաքթ Հաբ Երեւանի ձեռնարկատիրական համայնքին եւ աշխատանքային տարածքին։

Ucom-ի մասնագետները եւս ներգրավված են ծրագրում որպես մենթորներ՝ մասնակիցներին փոխանցելով գործնական փորձ, մասնագիտական դիտարկումներ եւ ոլորտային գիտելիքներ։

«Ucom Fellowship-ը մասնակիցներին տալիս է այն միջավայրը, գիտելիքն ու մասնագիտական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող գաղափարը առավել կենսունակ լուծման վերածելու համար։ Իմփաքթ Հաբ Երեւանում մեր դերն է ուղեկցել նրանց այդ ամբողջ ճանապարհին՝ սկզբնական ենթադրությունների ստուգումից եւ բիզնես մոդելի ամրապնդումից մինչեւ համապատասխան մենթորների ու փորձագետների հետ կապերի ստեղծում։ Ucom-ում նման հանդիպումները եւս մեկ կարեւոր հնարավորություն են մասնակիցների համար՝ անմիջականորեն շփվելու փորձառու գործարար ղեկավարների հետ եւ ստանալու գործնական հետադարձ կապ»,– ասել է Իմփաքթ Հաբ Երեւանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։

Ucom Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն՝ դրանց հետագա զարգացման համար։