ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթեւ Ասլանյանն արժեւորել է միջազգային հարթակում հայ պատանիների արձանագրած հաջողություններն ու ցուցաբերած բարձր պատրաստվածությունը եւ ընդգծել  պետության հանձնառությունը՝ շարունակաբար քաջալերելու երիտասարդների մասնագիտական զարգացումը, խթանելու հետաքրքրվածությունն արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների եւ STEM ուղղությունների նկատմամբ։

ԲՏԱ եւ ԱԲ նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանը ներկայացրել է ԱԲ վիրտուալ ինստիտուտի նախագիծը՝ կարեւորելով դրա առանցքային դերը Հայաստանում արհեստական բանականության նորարների աջակցման էկոհամակարգի կայացման, գիտահետազոտական ներուժի համախմբման եւ բարձր տեխնոլոգիական ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման գործում։ 

Հանդիպումը շարունակվել է պանելային ձեւաչափով քննարկմամբ՝ նվիրված IOAI-ում հայ դպրոցականների նախապատրաստական աշխատանքներին, ձեռքբերումներին ու գրանցած արդյունքներին։ 

Մասնակից աշակերտները ներկայացրել են նախապատրաստման գործընթացը, պատմել նախորդ տարիներին օլիմպիադաներին մասնակցության ընթացքում ձեռք բերած փորձառության մասին, անդրադարձել օլիմպիադաների եւ մասնավորապես ԱԲ միջազգային օլիմպիադայի նշանակությանը։ Աշակերտները կիսվել են նաեւ իրենց հետագա ծրագրերով եւ մասնագիտական հետաքրքրություններով։

Հանդիպմանը ներկա են եղել բնագիտական եւ տեխնոլոգիական առարկայական օլիմպիադաներում (ինֆորմատիկա, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) բարձր ցուցանիշներ արձանագրած դպրոցականներ, տեխնոլոգիական ոլորտի, պետական կառույցների եւ կրթական համայնքի ներկայացուցիչներ։

Հայ աշակերտներն արդեն երկրորդ տարին անընդմեջ են մասնակցում AI-ի միջազգային օլիմպիադային, որի ազգային կազմակերպիչը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) է։ 

Հաջորդելով 2025-ին Չինաստանում գրանցած դեբյուտին՝ հայ աշակերտներն այս տարի Աստանայից վերադարձել են անհատական պայքարում նվաճված 2 բրոնզով,իսկ թիմային հաշվարկում Հայաստանի թիմերից մեկը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի 131 երկրի ներկայացուցիչների հետ պայքարում։