16:26 | 15.09.26 | Նորություններ | 45
Turn.am հարթակի միջազգային զարգացումից ու ServiceOrca անվամբ գլոբալ շուկա դուրս գալուց անցել է շուրջ 16 ամիս եւ այս ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ հայկական հարթակում։
Ներկայում Turn.am-ի տվյալների բազայում ներկայացված է 10 000-ից ավելի ծառայություն, 2 947 ծառայություն մատուցող եւ ավելի քան 650 ծառայության կատեգորիա։
Սակայն հարթակի թիմում նշում են, որ վերջին մեկուկես տարվա հիմնական փոփոխությունը միայն թվային աճը չէ։ Turn.am-ը աստիճանաբար փորձում է լուծել ավելի մեծ խնդիր՝ Հայաստանի ծառայությունների շուկան դարձնել կառուցվածքային, համեմատելի եւ թվային միջավայրում ավելի տեսանելի։
Ծառայությունների շուկան դեռ մեծ մասամբ մնում է չկառուցված
Հայաստանում մասնագետ գտնելու ամենատարածված տարբերակներից շարունակում են մնալ ծանոթների խորհուրդները, սոցիալական ցանցերը, Facebook խմբերը կամ սովորական Google որոնումը։
Խնդիրը հաճախ ոչ թե ծառայություն մատուցողների պակասն է, այլ տեղեկատվության մասնատվածությունը։
Միեւնույն մասնագետը կարող է ունենալ Facebook-ի կամ Instagram-ի էջ, հեռախոսահամար տարբեր հայտարարությունների կայքերում, Google Maps-ում կիսատ տվյալներ, իսկ իր աշխատանքի մասին կարծիքները՝ այլ հարթակում։
Turn.am-ի հիմնադիր Ռաֆայել Տոբելյանի խոսքով՝ հարթակի զարգացման ընթացքում իրենց համար ավելի պարզ է դարձել, որ խնդիրը պարզապես մասնագետների հայտարարությունները մեկ վայրում հավաքելը չէ։
«Սկզբում մեր հիմնական նպատակը շատ պարզ էր՝ մարդը պետք է կարողանա արագ գտնել իրեն անհրաժեշտ ծառայությունը եւ անմիջապես կապ հաստատել մասնագետի հետ։ Բայց հարթակի աճին զուգահեռ հասկացանք, որ իրական խնդիրը շուկայի կառուցվածքի բացակայությունն է։ Եթե տվյալները ճիշտ կառուցված չեն, դժվար է համեմատել մասնագետներին, հասկանալ՝ ով որտեղ է աշխատում, ինչ է առաջարկում, ինչ գնով, ինչ փորձ ունի եւ ինչ են ասում նրա իրական հաճախորդները»,- ասում է Տոբելյանը։
10 հազարից ավելի ծառայություն՝ մեկ հարթակում
2026 թվականին Turn.am-ի բազայում ծառայությունների թիվը գերազանցել է 10 հազարը։
Դրանք ընդգրկում են ինչպես ամենօրյա պահանջարկ ունեցող ծառայություններ՝ սանտեխնիկներ, էլեկտրիկներ, ավտոսպասարկում, մաքրություն, տեղափոխում կամ վերանորոգում, այնպես էլ բիզնես եւ մասնագիտական ծառայություններ՝ հաշվապահություն, իրավաբանական աջակցություն, HR, թարգմանություններ, նախագծում, ֆինանսական խորհրդատվություն եւ բազմաթիվ այլ ուղղություններ։
«10 հազար ծառայություն ունենալը ինքնին նպատակ չէ։ Եթե մարդը պետք է տասը էջ թերթի՝ իրեն համապատասխան մասնագետին գտնելու համար, ապա մեծ բազան արժեք չի ստեղծում։ Մեր խնդիրը ճիշտ մարդուն հնարավորինս արագ ճիշտ ծառայության հասցնելն է»,- նշում է Տոբելյանը։
Որոնման արդյունքը որոշում են բազմաթիվ խելացի ալգորիթմենր
Turn.am-ն աշխատում է առանց միջնորդավճար։ Օգտատերը կարող է տեսնել մասնագետի կոնտակտային տվյալները եւ անմիջապես կապ հաստատել նրա հետ։ Ծառայություն մատուցողները նույնպես պարտավոր չեն յուրաքանչյուր ստացված հարցման կամ կատարված աշխատանքի համար վճարել հարթակին։
Միաժամանակ Turn.am-ն ունի վճարովի առաջխաղացման գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է ժամանակավորապես բարձրացնել ծառայության տեսանելիությունը։ Սակայն օրգանական որոնման արդյունքների դասակարգման ժամանակ հարթակն օգտագործում է այլ ազդակներ եւս։
Դրանց թվում են մասնագետի գտնվելու վայրը, հաճախորդների գնահատականները եւ կարծիքները, դրանց քանակն ու թարմությունը, ծառայության էջի լրացվածությունը, նկարների առկայությունը եւ օգտատերերի հետաքրքրվածությունը։
Տեղադրությունը հատկապես կարեւոր է այն ծառայությունների դեպքում, երբ հաճախորդն ու մասնագետը պետք է ֆիզիկապես հանդիպեն։
«Եթե Երեւանի Կենտրոնում մարդը փնտրում է սանտեխնիկ, բնական է, որ մոտակայքում գտնվող լավ գնահատականներով մասնագետը ավելի օգտակար արդյունք է, քան 30 կմ հեռավորության վրա գտնվողը։ Բայց կան նաեւ հաշվապահներ, դիզայներներ, ծրագրավորողներ կամ խորհրդատուներ, որոնց ծառայությունը հնարավոր է ամբողջությամբ հեռավար ստանալ։ Այդ պատճառով որոնման համակարգում նախատեսել ենք նաեւ տարածությունից անկախ որոնման հնարավորություն»,- ասում է Turn.am-ի հիմնադիրը։
Կարծիքները վերածվում են մասնագետի թվային հեղինակության
Turn.am-ում վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացվում հաճախորդների կարծիքներին։
Հարթակում դրանք այլեւս պարզապես ծառայության էջի ներքեւում ցուցադրվող մեկնաբանություններ չեն։ Կարծիքների քանակը, գնահատականը եւ հատկապես վերջին շրջանում ստացված կարծիքները ազդեցություն ունեն նաեւ ծառայությունների դասակարգման վրա։
Ըստ թիմի՝ սա պետք է խրախուսի ծառայություն մատուցողներին ոչ միայն մեկ անգամ լավ պրոֆիլ ստեղծել, այլ շարունակաբար պահպանել ծառայության որակը։
Միաժամանակ հայկական ծառայությունների շուկայում կա մեկ այլ խնդիր՝ նույնիսկ լավ մասնագետները հաճախ չեն խնդրում հաճախորդներին հանրային կարծիք թողնել։
Այդ խնդիրը նվազեցնելու համար 2026 թվականին Turn.am-ը գործարկել է տպվող QR պաստառների համակարգ։
Յուրաքանչյուր ծառայություն մատուցող կարող է իր անձնական էջից ներբեռնել QR կոդով պաստառ եւ տեղադրել այն գրասենյակում, խանութում, սրահում կամ սպասարկման կետում։ Ծառայությունը ստանալուց հետո հաճախորդը կարող է սկանավորել կոդը եւ անմիջապես բացել համապատասխան էջը՝ գնահատական եւ կարծիք թողնելու համար։ Նպատակը մատուցված ծառայության եւ մասնագետի առցանց հեղինակության միջեւ կապ ստեղծելն է։
Turn.am-ը սկսում է լուծել նաեւ բիզնեսների որոնման խնդիրը
Վերջին ամիսներին հարթակում ավելացվել են նաեւ բիզնես հաճախորդների համար նախատեսված ֆիլտրեր։
Մասնավորապես, ծառայություն մատուցողները կարող են նշել վճարման ընդունվող եղանակները, բիզնես հաճախորդների հետ աշխատանքի հնարավորությունը եւ հարկային կարգավիճակին առնչվող տվյալներ։
Turn.am-ում կարծում են, որ B2B ծառայությունների որոնումը Հայաստանում նույնիսկ ավելի չկառուցված է, քան սովորական սպառողական ծառայությունների դեպքում։
Ընկերությունը կամ հաշվապահը հաճախ ստիպված է առանձին ճշտել՝ արդյոք տվյալ մասնագետը կամ կազմակերպությունը կարող է փաստաթուղթ տրամադրել, աշխատում է փոխանցումով, ԱԱՀ վճարող է կամ ընդհանրապես սպասարկում է իրավաբանական անձանց։
Նման տեղեկատվությունը կառուցվածքային ֆիլտրերի վերածելով՝ Turn.am-ը ցանկանում է հարթակը կիրառելի դարձնել ոչ միայն անհատ օգտատերերի, այլեւ ընկերությունների համար։
AI-ը փոխում է նաեւ այն, թե որտեղից են մարդիկ գտնում մասնագետներին
Turn.am-ի զարգացման ամենահետաքրքիր ուղղություններից մեկը կապված է արհեստական բանականության հետ։
Հարթակում արդեն գործում է AI-ի վրա հիմնված ծառայության կատեգորիայի որոնում։ Օգտատերը կարող է ոչ թե փորձել կռահել, թե անհրաժեշտ մասնագետը որ կատեգորիայում է, այլ գրել իր խնդիրը, օրինակ՝ «լվացքի մեքենաս չի միանում» կամ «պետք է գրանցեմ ընկերություն», եւ համակարգը փորձում է գտնել համապատասխան ծառայության ուղղությունը։
Սակայն վերջին ամիսներին AI-ի ազդեցությունն սկսել է զգացվել նաեւ Turn.am-ից դուրս։
Օգտատերերն այսօր մասնագետ են փնտրում ոչ միայն Google-ում։ Նույն հարցերը գնալով ավելի հաճախ ուղղվում են ChatGPT-ին եւ այլ AI օգնականների՝ «գտիր հաշվապահ Երեւանում», «որտեղ վերանորոգել մեքենան» կամ «ով կարող է բացել փակված դուռը» ձեւակերպումներով։
Turn.am-ում նկատել են, որ նման հարցումների պատասխաններում AI համակարգերը մեծամասամբ օգտագործում են Turn.am-ի հրապարակային էջերը որպես տեղեկատվության աղբյուր եւ օգտատերերին ներկայացնում հարթակում գրանցված մասնագետների կամ ծառայությունների մասին տվյալներ։
Թիմի գնահատմամբ՝ սա ծառայություն մատուցողների թվային տեսանելիության նոր ուղղություն է։
«Մի քանի տարի առաջ մենք մտածում էինք՝ ինչպես անել, որ մասնագետի էջը Google-ում գտնվի։ Այսօր արդեն պետք է մտածել՝ տվյալները որքան հասկանալի են AI համակարգերի համար։ Եթե օգտատերը ChatGPT-ին հարցնում է՝ որտեղ գտնել որեւէ ծառայություն, AI-ը պետք է կարողանա հասկանալ՝ ով ինչ է առաջարկում, որտեղ է աշխատում, ինչ գնահատականներ ունի եւ որքանով է համապատասխանում այդ հարցմանը»,- ասում է Տոբելյանը։
Նա ընդգծում է, որ AI համակարգերի պատասխանները անհատական են եւ Turn.am-ը չի կարող վերահսկել կամ երաշխավորել, թե կոնկրետ որ ծառայություն կամ էջ կառաջարկվի օգտատիրոջը։
Այդուհանդերձ, թիմում կարծում են, որ առաջիկա տարիներին AI որոնումը կարող է ծառայություններ գտնելու առանձին եւ նշանակալի ալիք դառնալ։
«Փոքր բիզնեսը կարող է շատ լավ ծառայություն մատուցել եւ միաժամանակ գրեթե գոյություն չունենալ թվային աշխարհում։ Մեր նպատակը այդ բացը փոքրացնելն է։ Մասնագետը չպետք է SEO մասնագետ կամ մարքեթոլոգ լինի, որպեսզի իր ծառայությունը ճիշտ ներկայացված լինի համացանցում»,- ասում է Տոբելյանը։
Թվայնացնել ոչ միայն առաջարկը, այլ ամբողջ շուկան
Turn.am-ում նշում են, որ 10 հազար ծառայության շեմը իրենց համար ավելի շատ մեկնարկային կետ է, քան վերջնական արդյունք։
Հայաստանի ծառայությունների շուկայի զգալի հատվածը դեռեւս ամբողջությամբ թվայնացված չէ։ Շատ մասնագետներ շարունակում են աշխատել բացառապես ծանոթների միջոցով, Facebook խմբերում կամ սոցիալական ցանցերի անձնական էջերով։
Սա դժվարացնում է ոչ միայն հաճախորդի որոնումը, այլեւ ամբողջ շուկան գնահատելը։
Չկա հստակ պատկերացում, թե կոնկրետ ծառայությունների նկատմամբ որքան պահանջարկ կա, որտեղ կա մասնագետների պակաս, ինչ գներ են ձեւավորվում տարբեր քաղաքներում եւ ինչ գործոններով են մարդիկ ընտրում ծառայություն մատուցողին։
Turn.am-ի երկարաժամկետ նպատակներից մեկը հենց այդ շուկան ավելի կառուցվածքային դարձնելն է։
«Մենք Turn.am-ին չենք դիտարկում պարզապես որպես հայտարարությունների կայք։ Եթե կարողանանք ճիշտ կառուցել ծառայությունների, գների, տեղադրության, մասնագիտացման եւ հեղինակության տվյալները, ժամանակի ընթացքում հնարավոր կլինի շատ ավելի հստակ պատկերացում ունենալ Հայաստանի ծառայությունների իրական շուկայի մասին։ Սա մեծ տնտեսական շերտ է, որը Հայաստանում դեռ բավարար չափով չափված եւ թվայնացված չէ»,- նշում է Ռաֆայել Տոբելյանը։
16 ամիս առաջ Turn.am-ի պատմության կարեւոր թեման միջազգային շուկա դուրս գալն էր։
Այսօր հայկական հարթակի հաջորդ մարտահրավերն այլ է՝ մեծացող բազան վերածել այնպիսի կառուցվածքային համակարգի, որտեղ օգտատերը կարող է արագ գտնել համապատասխան մասնագետին, իսկ լավ ծառայություն մատուցողը՝ տեսանելի դառնալ անկախ նրանից՝ հաճախորդը նրան փնտրում է Turn.am-ում, Google-ում, թե արդեն AI օգնականի միջոցով։