15:34 | 31.08.26 | Նորություններ | 71

Team-ի աջակցությամբ անցկացվել է ամենամյա Թումո ճամբարը

Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվել է Թումո ճամբար 2026-ը:

Վեց հագեցած շաբաթվա ընթացքում ճամբարը միավորել է 15 երկրից եւ Հայաստանի սահմանամերձ  համայնքներից, այդ թվում՝ Արցախից տեղահանված ավելի քան 200 պատանիների՝ ստեղծելով միջավայր, որտեղ մասնակիցները տեխնոլոգիական կրթությունը համատեղել են որակյալ ժամանցի հետ:

«Մեզ համար կարեւոր է, որ տեխնոլոգիական կրթության հնարավորությունները հասանելի լինեն հնարավորինս շատ պատանիների՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։ Մեր ռազմավարական գործընկերոջ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այս ճամբարային նախագիծը հենց այնպիսի միջավայր է ստեղծում, որտեղ միավորվում են կրթությունը, ստեղծարարությունը, նոր փորձառություններն եւ տարբեր երկրներից ժամանած պատանիների շփումը։ Ուրախ ենք մեր աջակցությամբ նպաստելու, որ այս փորձառությանը մասնակցեն նաեւ Հայաստանի սահմանամերձ համայնքների եւ Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները։ Վստահ ենք՝ նման ծրագրերը կարող են ոչ միայն նոր հմտություններ փոխանցել, այլեւ ոգեշնչել պատանիներին՝ իրենց ապագան կապելու տեխնոլոգիաների եւ նորարարության հետ»,- նշել է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց հմտությունները Թումոյի կրթական ուղղություններով՝ ուսումնասիրելով տեխնոլոգիաների, դիզայնի եւ ստեղծարարության տարբեր ոլորտներ։ 

Կրթական ծրագրին զուգահեռ պատանիների համար կազմակերպվել են նաեւ մշակութային, ճանաչողական եւ ժամանցային միջոցառումներ՝ Հայաստանի պատմամշակութային վայրերի ու տեսարժան անկյունների բացահայտումից մինչեւ սպորտային եւ թիմային ակտիվություններ։ 

Ճանաչողական այցերի շրջանակում ճամբարականներն այս տարի եւս հյուրընկալվել են Team-ի Կապի թանգարանում եւ դատա կենտրոնում՝ ծանոթանալով Հայաստանում կապի զարգացման պատմությանն ու տեխնոլոգիական էվոլյուցիային: 

«Team-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Այս աջակցության շնորհիվ կարողանում ենք ամառային թումոյական փորձառությունը հասանելի դարձնել սահմանամերձ համայնքների եւ Արցախից տեղահանված ավելի շատ պատանիների։ Սա կարեւոր ներդրում է այս երեխաների ու պատանիների ապագայում, եւ մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի՝ ժամանակի ընթացքում էլ ավելի ընդլայնելով իր ազդեցությունը»,- նշել է Թումոյի ամառային ճամբարի ղեկավար Լաուրա Բարխուդարյանը։

Team-ը, հավատարիմ լինելով իր ռազմավարությանը, շարունակելու է աջակցել երիտասարդների տեխնոլոգիական կրթությանը: