16:41 | 24.01.13 | Նորություններ | 3363
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Սինոփսիս Արմենիա-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր ամփոփել են 2012-ին ՏՀՏ ոլորտում ընկերությունների համատեղ իրականացրած ծրագրերը` նշելով, որ դրանք կշարունակվեն նաեւ 2013-ին:
«Սա համագործակցության պարզ օրինակ է: Մեր տնտեսությունում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց կողմից նմանատիպ համագործակցության նախաձեռնությունը տնտեսությունում հսկայական դրական արդյունքներ կարող է գրանցել: Բիզնեսը միայն եկամուտներ ունենալու համար չէ, այն պետք է պատասխանատվություն ունենա երկրի տնտեսության, հասարակության առջեւ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Երկու ընկերություններ, որոնք առանձին իրականացնում են բազում ծրագրեր, որոշեցին իրենց ջանքերն ու հնարավորությունները համախմբել համատեղ ծրագրեր իրականցվելու գործով, որոնք միտված կլինեն տաղանդաշատ պատանիների բացահայտման, խրախուսման, նորագույն կրթական ծրագրերի հիմնման եւ ՏՀՏ տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման առումով: Նման ծրագրերն արդեն 5-ն են, դրանց հաջողությունը հույս է ներշնչում ապագայում համատեղ այլ ծրագրեր ունենալու համար»,- ասել է Հովիկ Մուսայելյանը:
2012-ին իրականացված համատեղ ծրագրերի թվում նշվել են Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, ՏՀՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում համատեղ կրթական ծրագրի իրականացումը ` Միկրոէլեկտրոնիկան կապի համակարգերում մասնագիտությամբ, ՏՏ ոլորտում լավագույն կառավարիչների մրցույթը:
2013-ին այս ծրագրերը շարունակելու ուղղությամբ պայմանավորվածություն կա, որի համար նախատեսվել է մոտ 70 մլն դրամ: Ռալֆ Յիրիկյանի խոսքով, կլինեն համագործակցության նաեւ նոր ծրագրեր, որոնց մասին դեռ վաղ է խոսել:
ՏՀՏ ոլորտում մի շարք հեռանկարային ծրագրերի իրականացման նպատակով 2012 թ-ին ՎիվաՍել ՄՏՍ-ը ներդրել է 75 մլն դրամ: