Gecko Robotics-ը կնքել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ մինչ օրս ամենամեծ ռոբոտաշինության գործարքը:

Ջեք Լուսարարյանի հիմնած Gecko Robotics ընկերությունը, որը ստեղծում է ռոբոտներ եւ սենսորներ խոշոր արդյունաբերական ակտիվների ստուգման համար, հայտարարել է, որ կնքել է հինգ տարվա IDIQ (indefinite delivery, indefinite quantity) պայմանագիր ԱՄՆ ռազմածովային ուժերի եւ ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչակազմի (General Services Administration - GSA) հետ։ Պայմանագրի մեկնարկային արժեքը 54 միլիոն դոլար է, իսկ առավելագույն շեմը՝ 71 միլիոն դոլար։

Ռազմածովային ուժերը կօգտագործեն Gecko-ի ռոբոտներն ու սենսորները՝ վերահսկելու նավատորմի ակտիվների եւ նավերի տեխնիկական վիճակը՝ սկսելով ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի 18 նավից։

Gecko-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջեք Լուսարարյանը TechCrunch-ին ասել է, որ կստեղծեն յուրաքանչյուր նավի մանրամասն թվային կրկնօրինակը, որը հաճախ անվանում են թվային երկվորյակ (digital twin)։ Ընկերության ծրագրային ապահովումը կօգնի հետեւել ակտիվների վիճակին եւ առաջարկել սպասարկման քայլեր՝ փորձելով կանխել խնդիրները մինչեւ դրանց առաջանալը եւ նվազեցնել սպասարկման ժամանակն ու ծախսերը։

 
«Երբ ռոբոտային համակարգերի միջոցով ստեղծում ես այդ ակտիվների վիճակի թվային տարբերակը, նույնիսկ միջավայրի թվայնացումը, ապա կարողանում ես արագացնել որոշումների ընդունումն ու վերանորոգումը։ Նպատակը կենդանի, մշտապես թարմացվող մոդել ստեղծելն է, որը կօգնի նվազեցնել այն օրերի քանակը, երբ այս ակտիվները ստիպված են ծառայությունից դուրս լինել», - ասել է Լուսարարյանը։

Gecko Robotics-ը արդեն չորս տարի համագործակցում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ։