09:52 | 02.05.12 | Նորություններ | 8516

Հայտնի են gt hackathon Armenia 2012-ի հաղթողները

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 27-ից 29-ը Ծաղկաձորում կայացավ gt hackathon Armenia 2012 միջոցառման եզրափակիչ փուլը:

gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Technology User Group Armenia-ն (GTUG) եւ Հայկական սոցիալական մեդիա ասոցիացիան (Armenian Social Media Association): Հաքաթոնի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ օպերատորը, պաշտոնական գործընկերը` Մեդիամաքս մեդիա ընկերությունը:

gt hackathon Armenia 2012 եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել էին 15 նախագծեր: Ապրիլի 29-ին, երկօրյա եզրափակիչ աշխատանքից հետո, թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, որից հետո ժյուրին գնահատեց դրանք ու հայտարարեց հաղթողներին:

Հաքաթոնի նպատակն էր ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա եւ հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար:

\"\"
Լուսանկարը` gt hackathon Armenia 2012

Android անվանակարգում հաղթող ճանաչվեց Event Guide նախագիծը (թիմի ղեկավար` Մինաս Քեշիշյան): Event Guide-ը իրենից ներկայացնում է միջոցառումների կենտրոնացված համակարգի Android հավելված, որը թույլ է տալիս համակարգից օգտվողներին առցանց տեղեկանալ Հայաստանում սպասվող մշակութային, սպորտային եւ ժամանցային իրադարձություններին մասին, կատարել նշումներ օրացույցում, գնահատել եւ առանձնացնել նախընտրելի միջոցառումները։ Այն թույլ է տալիս գտնել մոտակայքում տեղի ունեցող իրադարձություններ կամ կատարել ավելի մանրամասն փնտրում ընդլայնված որոնման միջոցով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերով տեղեկացնել ընկերներին։ Օգտվողները կկարողանան հավելվածի օգնությամբ հեշտորեն ձեռք բերել էլեկտրոնային QR տոմսեր` շարժական վճարումների համակարգով:

\"\"
Լուսանկարը` gt hackathon Armenia 2012

Chrome App անվանակարգում հաղթող ճանաչվեց Me Chat նախագիծը (թիմի ղեկավար` Կարեն Ղանդիլյան): Նախագիծը իրենից ներկայացնում է սոցկայքերի, մասնավորապես, Google +-ի, Facebook-ի չաթերի կենտրոնացման համար նախատեսված հավելում: Բրաուզերի պատուհանում բացվում է փոքրիկ դաշտ, որի մեջ կերեւա տարեր սոցքկայքերում տվյալ պահին ակտիվ «ընկերների» ցուցակը: Բացի դրանից, Me Chat-ն առաջարկում է թարգմանության հնարավորություն, որն աշխատում է Google Translate համակարգի միջոցով: Օգտատերը կարող է, օրինակ,  Facebook-ի չաթում գրել հայերեն հաղորդագրություն, որը խոսակցին ուղարկվելուց առաջ կթարգմանվի նրա համար նախընտրելի լեզվով` ցանկության դեպքում կուղարկվի նաեւ օրիգինալ տարբերակը: Համապատասխան կերպով հետ պատասխանը ավտոմատ կերպով կթարգմանվի կարգավորումներում նշված լեզվով:

Android եւ Chrome App անվանակարգերում եղան նաեւ խրախուսական մրցանակներ:

\"\"
Լուսանկարը` gt hackathon Armenia 2012

Android անվանակարգում խրախուսական մրցանակներ ստացան.

ARMA (Armenian Road Mobile Assistent) նախագիծը` հավելված, որը վարորդներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն;

Eventot նախագիծը, որը Eventot.com կայքի շարժական տարբերակն է եւ հնարավորություն է տալիս տեղեկանալ Հայաստանի, ինչպես նաեւ ողջ աշխարհի ամենատարբեր միջոցառումների մասին;

YerevanATM նախագիծը, որը տեղեկատվություն է տրամադրում Երեւանի տարածքում տեղակայված բանկոմատների մասին:

\"\"
Լուսանկարը` gt hackathon Armenia 2012

Chrome App անվանակարգում խրախուսական մրցանակներ ստացան Chrome Browser Automation եւ Հայկական chrome ռադիո նախագծերը:

Հաղթողների պարգեւատրությունը կկայանա մայիսի 2-ին, ժամը 14:00-ին` Մեդիամաքս-ի գրասենյակում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Android անվանակարգում հաղթող թիմին կհանձնի Galaxy Nexus սմարթֆոն, իսկ Chrome App անվանակարգում հաղթող թիմին`HTC Flyer պլանշետային համակարգիչ:

\"\"
Լուսանկարը` gt hackathon Armenia 2012