18:04 | 11.11.22 | Հոդվածներ | exclusive 5474

Text'nPayMe. Գումարի փոխանցում ցանկացած մեսենջերով

Text'nPayMe-ն թվային ստեղնաշար է, որը բանկերի հաճախորդներին հնարավորություն է տալիս գումար ուղարկել ցանկացած սոցիալական ցանցում, մեսենջերում, նաեւ մուտքագրման դաշտ ունեցող ցանկացած այլ հավելվածի միջոցով: Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է ընդամենն օգտագործել տեքստային կամ ձայնային համապատասխան հրաման եւ հաստատել գործարքը:

Արթուր Կարապետյանի եւ Միհրան Բաբայանի ստեղծած ստարտափն այս տարի հաղթող է ճանաչվել Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային փուլում։ Նրանք Հայաստանը կներկայացնեն EWC միջազգային եզրափակչում եւ կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

Արթուր Կարապետյանն առաջին ստարտափը ստեղծել է դեռ ավագ դպրոցում՝ այն էլեկտրական ճանճասպան էր։ Ռոբոտաշինության, ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը ու ձեռներեցության ջիղը նրան ուղեկցել է գրեթե միշտ։  Ինչպես ինքն է ասում, մշտապես ցանկացել է տեսնել, թե ինչպես է բիզնեսն աշխատում տարբեր ոլորտներում։

iTel.am-ը զրուցել է Արթուրի հետ Text'nPayMe-ի գաղափարի, EWC-ի մասնակցության, նոր ծրագրերի ու թիմի առանձնահատկությունների մասին։

Տեխնոլոգիաների ոլորտ անցումն ու Text'nPayMe-ի գաղափարը

Պապիկս հայտնի քիմիկոս ու բնապահպան էր, ինձ ոգեշնչում էր՝ ընտրեմ  Տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտությունը։ Սկզբում թվում էր, թե սխալ որոշում եմ կայացրել, ու իմ ռոբոտաշինության երազանքը թողել եմ։ Հետո, սակայն, հասկացա, որ սխալ չէր, իմ մասնագիտացումն ինձ ավելի լայն մտահորիզոն է տվել։
 
Համալսարանական 6 տարվա ընթացքում, դասերից դուրս, ՏՏ-ի հետ կապված տարբեր գրականություն էի ուսումնասիրում, ծրագրավորման օնլայն դասերի մասնակցում, «ֆրիլանս» ինչ-որ նախագծեր անում ու ՏՏ ստարտափում ընդունվեցի որպես պրոյեկտի մենեջեր։ 2-3 տարվա փորձ ունեի, քանի որ շատ էի աշխատել ինձ վրա: Միանգամից ինձ տրամադրեցին մոտ 8 հոգանոց մարքեթինգի ու վաճառքների թիմ։ Փորձն այնքան հաջող ստացվեց, որ սկսեցինք թրեյնիգներ էլ անել։

Արթուր Կարապետյանը Արթուր Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Բիզնեսի թվայնացման գործընթացներ եմ կառավարել, 20-ից ավելի նախագիծ իրականացրել միջազգային շուկայի համար, նաեւ բանկային ոլորտի փաստաթղթաշրջանառության թվայնացում:

Երբ սոցիալական ցանցերը սկսեցին վճարումների հնարավորություն տալ, հասկանում էի, որ շուտով բանկերը կարող են ընդհանրապես չլինել։ Ինձ համար բանկերը, որպես կառուցվածք, հին են ու փակ: Հետո հասկացա, որ ոչ թե բանկերը չեն լինի, այլ կստեղծվի սոցցանցային մոնոպոլ իրավիճակ, քանի որ դրանք մեր ամբողջ կյանքի տվյալներն ունեն, նաեւ կտիրապետեն մեր բանկային տվյալներին։ Պետք էր այս ուղղությամբ ինչ-որ լուծում մտածել ու 2019 թվականին կոնկրետ ծրագրային լուծմամբ սկսեցի թիմ հավաքել ու մշակել Text'nPayMe-ի գաղափարը։

Ինչպես է աշխատում Text'nPayMe-ն

Text'nPayMe-ն տրամադրում է մոբայլ ստեղնաշար ու Google Chrome զննարկչի հավելում։ Մոբայլը սմարթֆոնների համար է, սակայն կա մարդկանց մեծ զանգված, որ դեռ սովոր է բանկային գործարքներն իրականացնել համակարգչով, հետեւաբար իրենց համար մտածել ենք զննարկչի լուծումը։

photo © Մեդիամաքս


Օգտատերն իր մոտ է ներբեռնում ծրագիրը, գործարկում ու սովորական ստեղնաշարը դառնում է վճարային։ Քարտը կցելուց հետո հնարավոր է արդեն գործարքներ կատարել։

Օրինակ՝ Viber-ով ստեղնաշարի միջոցով կոնկրետ տեքստային կամ ձայնային հրահանգով հնարավոր է գումար ուղարկել։ Անհրաժեշտ է մուտքագրել, օրինակ, «ուղարկել 2000 դրամ» սմարթֆոնի կոնտակտային ցանկում գրանցված մարդու անունը ու, եթե նա իր բջջային հեռախոսահամարով որեւէ բանկային քարտ ունի, գործարքն իրականացվում է։



Եթե հեռախոսահամարը չունեք, սակայն ցանկանում եք գումար ուղարկել, կարող եք նշել քարտի համարը։ Նշված բոլոր դեպքերում համակարգը հնարավորություն կտա փոխանցումը կատարել։

Այս հրամանը մուտք անելուց հետո հաջորդ տրամաբանական քայլն ուղղված է անվտանգությանը։ Ստեղնաշարում բացվում է ձեւանմուշ, որտեղ կտեսնեք այն տվյալները, որ մուտքագրել եք՝ ում եւ որքան գումար եք ուղարկում, որոշ դեպքերում նաեւ՝ ծածկագրված քարտի համարը, որից փոխանցում եք կատարում։ Սա կանխում է հրահանգը պատահաբար մուտք անելու դեպքերը։

Գումար ուղարկելը վերջնական հաստատելու համար պետք է մուտքագրել քարտի գաղտնաբառը կամ հաստատել բիոմետրիկ մեթոդով՝ մատնահետքի սքանավորման կամ էլ Face ID-ի միջոցով։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ սմարթֆոնը գողանան կամ այլ անձ հասանելիություն ստանա դրան, փոխանցումներ կատարելը կանխված է։ Հավելյալ անվտանգության համար օգտատերը կարող է գործարքի պահին ստանալ ծանուցող հաղորդագրություն։

Մեր ծրագրում կարելի է կցել մինչեւ 5 քարտ եւ ընտրել մեկ հիմնականը՝ փոխելու հնարավորությամբ։

Աշխատում ենք նաեւ Հայաստանում հասանելի դարձնել PayPal-ը։ Մեր պիլոտները, որոնք գործելու են Հայաստանից դուրս, ունենալու են Stripe-ի, PayPal-ի, Visa Direct-ի հնարավորություններ, սակայն Հայաստանում սա հասանելի դարձնելը մի փոքր բարդ է։

Առաջին քայլերն ու ներդրումները

Սկզբնական շրջանում ծրագրավորումը հիմնականում outsource էինք անում, ես էլ՝ որքան ժամանակս թույլ տար։ Աշխատում էի full time, նպատակս էր վաստակածս գումարից ինչ-որ մաս կուտակել ու ներդնել ստարտափում։

photo © Մեդիամաքս


Buissup Global Forum-ում հաղթելուց հետո սկսվեց ներդրողների հետ բանակցությունների շրջանը եւ 2022թ. փետրվարի 28-ին ստացանք մեր առաջին ներդրումը՝ 130 հազար դոլար։ Այդ ընթացքում դրամաշնորհ ստացանք նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, նախագծին դրամաշնորհով ու իմ անձնական ներդրումներով կատարվել է մոտ 200 հազար դոլար ներդրում։

Ներկայում բանակցությունների ակտիվ փուլում ենք, բայց երկրի վիճակը դեռ խանգարում է։

Մասնակցել ենք Startup Wise Guys աքսելերատորին, ինչն ահռելի փորձ ու գիտելիք է տվել։ Անցել ենք Google-ի հետ համագործակցող ռումինական Next FinTech-ի ծրագիրը։ Դիմել ենք նաեւ մի շարք այլ աքսելերացիոն ծրագրերի, որոնք կենտրոնացած են ավելի շատ Միացյալ Նահանգների շուկայի վրա, օրինակ՝ Բերքլիի SkyDeck-ին, Y Combinator-ին, VISA-ի ծրագրին։

Մեր նշանաբանն է «The Apple of fintech». ինքս Սթիվ Ջոբսից շատ եմ ոգեւորվել ու սովորել։

Շուկայի թիրախավորումը եւ մրցակիցները

Մեր հիմնական թիրախները Մեքսիկան ու Միացյալ Նահանգներն են, ունենք նաեւ պիլոտ Եվրոպայում։

Այլ երկիր գնալն, իհարկե հնարավոր է, բայց ահռելի ֆինանսական ներդրում է պահանջում։ Չենք ուզում գնալ Հայաստանից։ Սա շատ է սահմանափակում, բայց թիմով քննարկել ու որոշել ենք, որ Հայաստանում ենք շարունակելու գործել։ Մեր նպատակն է այստեղ պահել բիզնեսը։

Հայաստանում ու մեր տարածաշրջանում, հետխորհրդային երկրներում, որպես այդպիսին, մրցակիցներ չունենք։
 
Ներկայիս բանկային համակարգը հարմարեցված է Web 2.0-ին, բայց շուտով Web 3.0-ի դարաշրջանը կմեկնարկի ու մեր լուծումը հարմարեցված է դրան: Crossplatform փոխանցումները հնարավոր կլինեն։ Մեր ծրագիրը ցանկացած այլ ծրագիր վերածում է վճարային հարթակի, սա է առանձնահատկությունը։ Այս պահին, երբ ծրագիրը դեռ գործարկված չէ, 1000-ից ավելի գրանցում ունենք։

Թիմը

Թիմում այս պահին ունենք 8 մարդ։ Այն սկսել ենք ձեւավորել 2022թ. փետրվարից, երբ ֆինանսավորում ներգրավեցինք։

Մեր թիմի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ բոլորս բաց ենք իրար լսելու, խնդիրներն ու դժվարությունները միասին քննարկելու համար։

photo © Մեդիամաքս


Մեր թիմն «ամենագլամուր» ծրագրավորման թիմն է, մեզ մոտ կան շատ վառ արտահայտված էսթետիկ նախասիրություններ։ Մեզանից յուրաքանչյուրն արվեստի հետ կապ ունի։ Գրասենյակը մեր ձեռքով ենք նորոգել, ամեն անկյուն մեզ ենք հարմարեցրել։ Ավանդույթ ունենք՝ շաբաթվա մեջ որեւէ օր բոլորս նույն ոճով ենք հագնվում։ Թիմում քաջալերում ենք առողջ սնվելն ու ապրելակերպը։

EWC-ի եզրափակչի մասնակցությունն ու առաջիկա ծրագրերը

Անհամբեր սպասում ենք EWC-ի գլոբալ եզրափակչին, որին գնալու ենք նույն տրամադրվածությամբ, ինչպես ազգային եզրափակչին՝ պետք է հաղթանակով վերադառնանք։ Սա եւս մեկ հնարավորություն կտա Հայաստանի անունը բարձր պահել։

photo © Մեդիամաքս


EWC-ի եզրափակչին պատրաստվում ենք նաեւ իրավական առումով, քանի որ այնտեղ աուդիտ ենք անցնելու ու որպեսզի բացթողումներ չլինեն, վերանայում ենք մեր փաստաթղթերը, նաեւ փիթչինգին ենք նախապատրաստվում։

Եթե նախկինում միայն Android հավելված ունեինք, շուտով պատրաստ կլինի նաեւ iOS տարբերակը։

Մեր ստեղնաշարով հնարավորություն կլինի նաեւ պատվերներ կատարել սննդի կետերից, ինչպես նաեւ աքսեսուարներ ձեռք բերել: Տելեկոմ ընկերությունների հետ եւս համագործակցում ենք. օգտատերերը մեր ստեղնաշարի միջոցով կարող են միմյանց խոսելաժամանակ կամ ինտերնետ ուղարկել։

Արթուր Կարապետյանը Արթուր Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Ներկայում միջազգային փոխանցումների ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի դա նույնպես հասանելի ու հեշտ դառնա. սա համարում եմ ամենակարեւոր նորույթը։ Կայքում կարելի է նախապես գրանցվել՝ գործարկման ժամանակ պրեմիում փաթեթ ստանալու համար։

Գլխավոր նորություններից է նաեւ, որ ընդլայնում ենք մեր թիմն ու փորձնակության հնարավորություն ստեղծում սկսնակների համար։ Սկսում ենք դասընթացներ, որտեղ կկիսվենք մեր փորձով ու գիտելիքով։

Նունե Գրիգորյան