18:10 | 19.05.22 | Հոդվածներ | exclusive 10945

Մանուկ Հերգնյան․ Granatus Ventures-ի մանդատը, ռիսկերն ու հաջողությունները

iTel.am-ի՝ հայկական վենչուրային ֆոնդերի մասին պատմող շարքի հերթական նյութը Granatus Ventures-ի մասին է, որը 2013 թվականին հիմնադրել են Մանուկ Հերգնյանը, Պիեր Հեննեսը եւ Երվանդ Սարգսյանը:

Զրուցել ենք համահիմնադիր Մանուկ Հերգնյանի հետ:

Ֆոնդի ստեղծման նախաձեռնումը

Հիմնադրամը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նոր որակական փոխակերպման փուլում էր, Հայաստանում ստարտափերի քանակը մատների վրա կարելի էր հաշվել: Այդ ժամանակ, սակայն, թիմերն արդեն սկսել էին փորձարկել սեփական պրոդուկտների մշակումը եւ շուկա հանումը: Դա նկատելով՝ հասկացանք, որ ինչ-որ ժամանակահատվածում ռիսկային կապիտալի անհրաժեշտություն է լինելու երկրում եւ մյուս համահիմնադիրների հետ նախաձեռնեցինք ֆոնդի ստեղծումը:

Մանուկ Հերգնյանը Մանուկ Հերգնյանը
photo © Մեդիամաքս


Ապահովեցինք մասնավոր ներդրողների հանձնառությունները հիմնադրամում: Այդ ժամանակ նաեւ Համաշխարհային բանկի մի ծրագիր կար, որը երկրում առաջին վենչուրային ֆոնդը ստեղծող թիմին ռեսուրսներ էր տրամադրելու: Այդ ռեսուրսները եւս ներգրավեցինք եւ Հայաստանում ստեղծված ու գործառնություն իրականացնող ստարտափերի մեջ ներդրում անելու մանդատով սկսեցինք մեր գործունեությունը:

Ֆոնդն այսօր ֆինանսավորում, խորհրդատվություն եւ կապերի լայն ցանց է տրամադրում Հայաստանում հիմնված կամ վաղ շրջանի գործունեություն իրականացնող տեխնոլոգիական ընկերություններին: Կարելի է ասել, որ դա սաղմնային ֆինանսավորման փուլն է:

photo © Granatus Ventures


Ի սկզբանե մեր նպատակը եղել է նպաստել Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորմանը:

Ներդրում անելու սկզբունքները

Նորաստեղծ ընկերություն լինելուց բացի՝ ներդրում անելու համար մեզ համար կարեւորագույն սկզբունք է տվյալ ստարտափի թիմի աշխատանքը: Շատ հաճախ ստարտափերը սկսում են մի գաղափարից, բայց հետագայում փոխում են իրենց կա՛մ շուկան, կա՛մ պրոդուկտը, եւ շատ կարեւոր է, որ թիմը ճկունություն եւ արագ սովորելու կարողություն ունենա:

Մյուս կարեւոր չափանիշներից է մրցունակ պրոդուկտ ունենալը, դրա նորարարությունն ու շուկայի միտումներին համապատասխան լինելը: Պրոդուկտ կա՝ ստեղծելը եւ շուկա հանելը շատ ուշ է, քանի որ արդեն շատ դոմինանտ խաղացողներ կան, պրոդուկտ էլ կա՝ դեռեւս շուտ է շուկա հանելու համար, հետեւաբար, մեծ շուկային համապատասխանությունը հնարավորություն կտա մասշտաբայնացնելու պրոդուկտը, ինչը շատ կարեւոր է:

Մանուկ Հերգնյանը Մանուկ Հերգնյանը
photo © Մեդիամաքս


Կարեւոր չափանիշ է նաեւ ստարտափերի բաց լինելը՝ միջազգային կապիտալ ներգրավելու, հետագայում մասշտաբային բիզնես ստեղծելու համար:

Պորտֆոլիոն

Մեր պորտֆոլիում այնպիսի ստարտափեր կան, որոնք էկոհամակարգում հայտնի են իրենց հաջողության պատմություններով, օրինակ՝ Codesignal ընկերությունը, որն իր վերջին ֆինանսավորման փուլում ներգրավեց 50 մլն դոլար եւ այսօր նրա արժեքը գնահատվում է կես միլիարդ դոլար:

photo © Granatus Ventures


Մեր պորտֆոլիոյի ընկերություններից են Krisp-ը, IntelinAir-ը, SoloLearn-ը, GG-ն, Grof-ը: Որոշ ընկերություններից արդեն դուրս ենք եկել, վաճառել ենք մեր մասնաբաժինը՝ ներդրումների հետվերադարձ ապահովելով մեր ներդրողներին:

Դրանք եղել են մեր վենչուրային ինդուստրիայի առաջին գործարքները Հայաստանում:

Մեր պորտֆոլիոյի ընկերություններն, ընդհանուր առմամբ, ներգրավել են 200 մլն դոլարից ավելի ներդրում:

Ամենահաջողված ու արդարացված ներդրումը

Ամենահաջողվածներից կարող եմ նշել Codesignal-ը, SoloLearn-ը, Krisp-ը, Benivo-ն, որը մեկ այլ տեսակի հաջողության պատմություն ունի:

Մեր մանդատով ներդրում ենք անում ոչ միայն հայկական ստարտափերում, նաեւ Հայաստանից դուրս ստեղծված ընկերություններում, եթե դրանք Հայաստանում ստեղծում են մասնաճյուղեր:

Մանուկ Հերգնյանը Մանուկ Հերգնյանը
photo © Մեդիամաքս


Benivo-ն Մեծ Բրիտանիայում ստեղծված ընկերություն է, որն այն ժամանակ որեւէ կապ չուներ Հայաստանի հետ, տեխնոլոգիաները մշակում էր Չինաստանում: Որպեսզի կարողանանք ներդրում անել այս ընկերությունում, պայման կար՝ նրանք պետք է Հայաստանում առնվազն 3 ծրագրավորող ունենային: Այժմ ընկերությունն այստեղ ունի մոտ 50 ծրագրավորող եւ պրոդուկտն ամբողջությամբ Հայաստանում է մշակում:

Ֆոնդը եւ մասնակցությունը ռաունդներին

Granatus Ventures-ը երկու ֆոնդ ունի. առաջինը ստեղծել ենք 2013 թվականին, երկրորդը՝ 2021թ. վերջում: Առաջին ֆոնդն ամբողջությամբ համալրված է, 16 ընկերության մեջ ենք ներդրում արել:

Երկրորդ ֆոնդը կոչվում է Granatus Tech4SDG, այն ներդրումներ է անում խորը տեխնոլոգիաների, այսինքն՝ ավելի շատ գիտական պրոդուկտի առեւտրայնացման հիման վրա ստեղծվող պրոդուկտների մեջ, որոնք գլոբալ բարդ՝ առողջապահական, կլիմայի փոփոխությունների, ռեսուրսների արդյունավետության, կրթական խնդիրների լուծման առաջարկներ են ներկայացնում:

Մյուս ֆոնդերի հետ հարաբերությունները

Վենչուրային ոլորտում էկոհամակարգ բառը շատ տարածված է, քանի որ դրանում առկա բաղադրիչները փոխկապակցված են, եթե մեկը չկա՝ մյուսը տուժում է դրանից:

Մանուկ Հերգնյանը Մանուկ Հերգնյանը
photo © Մեդիամաքս


Հայաստանում ստեղծվում են միայն վաղ շրջանի ներդրումային ֆոնդեր եւ ներդրումների նախնական փուլերում շատ կարեւոր է, որպեսզի լինեն համաֆինանսավորողներ, ներդրողներ, որոնք կիսում են ռիսկը: Հետեւաբար, մենք շատ ուրախ կլինենք այլ վենչուրային ֆոնդերի հետ համաներդրում անելու համար:

Ստարտափերի հետ կոմունիկացիան

Այս առումով առաջընթաց կա, քանի որ նոր ստարտափերը խորհրդակցում են արդեն որոշակի հաջողությունների հասած ստարտափերի հիմնադիրների հետ: Չնայած դեռ շատ անելիքներ ունենք՝ սկսած պրոդուկտների ներկայացումից, վերջացրած խորը տեխնոլոգիաների մշակման հիմա վրա ստեղծվող ստարտափերի քանակությունից:

Էկոհամակարգի զարգացման հաջորդ մարտահրավերը որակյալ ստարտափերի քանակի մեծացումն է եւ այստեղ մենք կարեւորում ենք գիտական մշակումների հիման վրա կոմերցալիզացվող պրոդուկտների ստեղծումը:

Արփի Ջիլավյան