17:01 | 10.05.21 | Նորություններ | 1015

Գյումրիում կբացվի «Դիստրիկտ» տեխնո թաղամասը

Գյումրիում տեղակայված «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը մայիսի 15-ին նոր գրասենյակ կբացի, ինչպես նաեւ կհայտարարի իր ամենամեծ  նախագծի՝ «Դիստրիկտ» տեխնո թաղամասի մասին, որը դառնալու է քաղաքի  կայուն տնտեսական զարգացման կարեւորագույն նախադրյալներից մեկը։  

«Հաշվի առնելով այն փաստը, որ մոտավորապես 100.000 բնակչությամբ փոքր  քաղաքներն ամբողջ աշխարհում ամենաշատն են տուժել կորոնավիրուսային  համաճարակից՝ նրանց վերափոխումը հետհամաճարակային  իրականությունում դարձել է հրամայական։

«Դիջիթըլ Փոմըգրանեթի» ղեկավարությունը կարծում է, որ վերածնվող Գյումրիի լավագույն  բնութագրիչները կլինեն հետեւյալ հինգ հատկանիշները՝ բարեկեցիկ,  ինտեգրված, կանաչ, տեխնոլոգիական եւ ստեղծարար։ Այդ իսկ պատճառով  ընկերությունը որոշեց ներդրում անել Գյումրիի կայուն տնտեսական աճն  ապահովող, բարձր տեխնոլոգիաներով հագեցած կանաչ թաղամաս ստեղծելու  գաղափարի մեջ»,- նշել են ընկերությունում:  

«Դիստրիկտ» նախաձեռնությունը նպատակ ունի դեպի Գյումրի բերել երիտասարդ, բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնց  կառաջարկվի աշխույժ ապրելակերպ` ժամանցի վայրեր, հասարակական  տարածքներ, վաճառքի կետեր, պատկերասրահներ եւ շատ ավելին:  «Դիստրիկտը» նաեւ կներառի մի շարք ստարտափներ՝ տեղի  երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը  բարձրացնելու եւ հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով  քաղաքի տնտեսության աճին։  

«Դիստրիկտ» թաղամասում գործող առաջին ստարտափներն են «Թվային մետաքսի ճանապարհ» (Digital Silk Road) հայ-չինական կենտրոնը, ՏրիվիաՄատիկ (TriviaMatic) մոբայլ եւ վեբ հավելվածները, Ինգլիշ Բենտո (En glish Bento) ուսուցման կառավարման համակարգը, Կոմմպրո Փիար Փլեններ (Commpro PR Planner) հարթակը, ՍիքՅունիք (SeekUnique) վեբկայքի  ձեւանմուշները առցանց առեւտրի համար եւ Ֆարմֆրեշ (FarmFresh) խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիան։