11:24 | 15.04.19 | ստարտափներ | exclusive 12517

Թվանշային առողջապահություն՝ մոբայլ հավելվածի միջոցով

Հայ երիտասարդների հեղինակած Anteo Health ստարտափի մշակած համանուն հավելվածը թույլ է տալիս օգտատերերին ստանալ բժշկական խնամքի ծառայություններ իրենց սմարթֆոնների միջոցով՝ խնայելով ժամանակ եւ գումար։

Ստարտափի համահիմնադիր Էնթընի Ավետիսյանը Itel.am-ին մանրամասներ է պատմել։

Հավելվածը հասանելի է Google Play-ում:

2018թ. նոյեմբերին գործարկված հավելվածից այսօր արդեն օգտվում են 17 բժիշկներ եւ 50 հիվանդներ։ Այն ծրագրավորված է ԱՄՆ-ի առողջապահական համակարգի համար, եւ այժմ հեղինակներն աշխատում են դրա տարածման եւ կատարելագործման ուղղությամբ։

«Մենք տրամադրում ենք հարթակ, որը հնարավորություն է տալիս ստանալ անհատական եւ մատչելի բժշկական ծառայություններ, օգնում բժիշկներին ճկուն աշխատել իրենց հիվանդների հետ՝ միաժամանակ ավելի շատ հիվանդների խնամելով եւ հետեւաբար ավելի շատ եկամուտ ստանալով»,- մանրամասնում է Էնթընին՝ հավելելով, որ հավելվածը կենտրոնացած է պարբերական եւ երկարատեւ խնամք պահանջող հիվանդությունների վրա։

Էնթընիի խոսքով՝ ԱՄՆ-ում բժշկական խնամքը բավական թանկ արժե, նաեւ շատ ժամանակատար է ինչպես հիվանդի, այնպես էլ բժշկի տեսանկյունից։ Սա է պատճառը, որ հեղինակները վստահ են ստարտափի հետագա հաջողության մեջ։

«Հիմնական բարդությունն այն էր, որ բժիշկները հավելվածով խնամք իրականացնելու համար պետք է բժշկական ծրագրեր գրեին, որը նրանցից 1-2 ամիս ժամանակ էր խլում։ Մենք կարողացանք հասնել Նյու Յորքի պետական համալսարանի հետ համագործակցության եւ այժմ աշխատում ենք բժշկական ծրագրերի պատրաստման ուղղությամբ՝ հետագայում դրանք արդեն պատրաստի վիճակում բժիշկներին տրամադրելու համար»,- պատմում է ստարտափի համահիմնադիրը։

Վերջերս Էնթընին մի քանի ամսով Հայաստանում էր, եւ այդ ընթացքում թիմակիցների հետ զրուցել է 3 հիվանդանոցների բժիշկների հետ՝ հասկանալու, թե օգտագործման ինչպիսի հեռանկար ունի հավելվածը Հայաստանում։

«Բժիշկներն ունեն մտավախություն, որ բուժվող հիվանդները չեն կարողանա լիարժեք օգտվել հավելվածից։ Բացի այդ, Հայաստանում մարդիկ իրենց առողջության մասին ավելի քիչ են անհանգստանում, իսկ Anteo-ի միջոցով մենք արտոնում ենք նրանց անձամբ հոգալ սեփական առողջության մասին»,- նշում է Էնթընին։

Այնուամենայնիվ, նա վստահ է, որ Հայաստանում հավելվածը եւս կարող է օգտակար լինել մարզերի բնակիչների համար՝ բժշկական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու առումով, եւ հետագայում թիմն անպայման կաշխատի այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Anteo Health-ը Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ է, ինչպես նաեւ «Ներուժ» ծրագրի 2018թ. հաղթողների շարքում է: 

Գայանե Ենոքյան